Հասարակական

Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազներն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազներն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը Հայաստան ժամանելու և փոխըմբռնման հուշագիր ստորագրելու պատրաստակամության համար:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ համագործակցության զարգացումը՝ ուղղված երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը:

«Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ընդլայնել քրեական արդարադատության ոլորտում Հայաստանի և Լիտվայի դատախազությունների միջև համագործակցությունը ՝ միտված մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ապահովմանը և օրենքի գերակայության ամրապնդմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հուշագրով նախատեսված է փորձի փոխանակման, փոխադարձ այցելությունների և համատեղ համաժողովների կազմակերպում՝ ի նպաստ երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման և անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում