ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 29-ին, ժամը 12:43-ին ահազանգ է ստացել, որ Երանոս գյուղի խաչի մոտ ավտոմեքենան շրջվել է ձորը. կան տուժածներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Խ., ծնված 1948 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը և կողաշրջվել. կա զոհ:
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային: