Հարավային Կովկասը երբեք չի եղել Հյուսիսատլանտյան դաշինքի ուշադրության կենտրոնում․վերլուծաբանը՝ ՆԱՏՕ-ի նոր ուղենիշների մասին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թե ով կզբաղեցնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, այնքան էլ կարևոր չէ, որովհետև դա հիմնականում քաղաքական, ներկայացուցչական պաշտոն է՝ օժտված կոորդինացնող գործառույթներով։ Նախկինում ընդունված պրակտիկայի համաձայն՝ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաները նշանակվում են կառույցի ղեկավար, և անկախ այդ հանգամանքից՝ դաշինքն իրականացնում է նույն քաղաքականությունը, քանզի կառավարման կենտրոնը գտնվում է բոլորովին այլ տեղում, իսկ ռազմական, շտաբային կառույցները վերահսկվում են գլխավորապես ԱՄՆ-ի կողմից։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովը՝ անդրադառնալով դաշինքում սպասվող ընտրություններին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն, ամենայն հավանականությամբ, ևս 1 տարով կմնա իր պաշտոնում:Յենս Ստոլտենբերգն այս պաշտոնը զբաղեցնում է 2014 թ.-ի հոկտեմբերից և պետք է լիազորությունները վայր դնի այս աշնանը, սակայն, ըստ ՆԱՏՕ-ի դիվանագետների, կարող է հայտարարվել նրա մանդատի երկարաձգման մասին: Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետն արդեն երկու անգամ երկարաձգվել է՝ առաջին անգամ՝ ևս մեկ ամբողջական պաշտոնավարման ժամկետով, իսկ երկրորդ անգամ՝ 2022 թ.-ի մարտին, Ուկրաինայում ՌԴ-ի ծավալած ռազմական գործողություններից հետո:

«ՆԱՏՕ-ի ձևավորման սկզբից ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները երկակի մոտեցում են ցուցաբերել ղեկավարման մոդելի հարցում։ Ամերիկյան կողմն ի սկզբանե ձգտել է փաստացի վերահսկել դաշինքի ռազմական կարողությունները, առավել ևս, որ եվրոպական երկրներն այն ժամանակ դեռ լուրջ ռազմական ռեսուրսներ չունեին։ Այդ հանգամանքը կոմպենսացնելու համար կառույցի քաղաքական ղեկավարումը տրամադրվեց եվրոպական երկրներին»,- ասաց Հարությունովը։

Անդրադառնալով այն հարցին, թե ապագայում հնարավոր է, որ կառույցի ղեկավար դառնա կին գործիչ, առավել ևս, որ այդ պաշտոնում բոլորովին վերջերս քննարկվում էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի թեկնածությունը, վերլուծաբանն ընդգծեց, որ այդ տարբերակը պետք չէ բացառել։

«Արևմտյան երկրների քաղաքականության մեջ գերակշռում է այն միտումը, ըստ որի՝ կառավարման համակարգում ընդլայնվում է կանանց ներկայությունը, և ռազմական ոլորտն էլ բացառություն չէ։ Ամերիկյան զինված ուժերում գնալով ավելանում է կին ծառայողների թվաքանակը։ Բացի դրանից, մի շարք երկրներում պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել են կանայք, ու քանի որ կա քաղաքական ուղեգիծ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար կարող է լինել նաև կին գործիչ»,- նշեց Հարությունովը։

Հյուսիսատլանտյան դաշինքն այսօր կանգնած է մի քանի կարևոր մարտահրավերների առջև։ Դրանցից մեկն, օրինակ, Ռուսաստանի հետ մրցակցությունն է և այդ համատեքստում Ուկրաինային անմիջական աջակցություն ցուցաբերելը, ինչի արդյունքում ավելանում են ռազմական ծախսերը։ Մյուս ուղղությունը ռազմարդյունաբերության բացազատումն է, այսինքն՝ սպառազինության արտադրական ծավալների ավելացումը, որովհետև ռուս-ուկրաինական հակամարտությունը ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ի ձեռքի տակ եղած ռեսուրսները բավարար չեն, առավել ևս, որ 1990-ական թվականներից ի վեր արտադրական շատ հզորություններ կրճատվել են։

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա ՆԱՏՕ-ի քաղաքականության մեջ Հարավային Կովկասի ուղղությամբ, ըստ վերլուծաբանի, դժվար թե որևէ բան փոխվի, որովհետև իրական քաղաքական ուղեգիծը որոշում է նախևառաջ ԱՄՆ-ն, այլ ոչ թե եվրոպական կորիզը։ Բացի դրանից, Հարավային Կովկասը երբեք չի եղել Հյուսիսատլանտյան դաշինքի ուշադրության կենտրոնում և կառույցը մշտապես զգուշավոր վերաբերմունք է ցուցաբերել հետխորհրդային տարածքի նկատմամբ՝ գիտակցելով, որ դա գլխավորապես Ռուսաստանի ազդեցության գոտին է։ Տվյալ հարցը հենց կառույցի ներսում վիճաբանությունների տեղիք է տվել Գերմանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջև, հետևաբար նրանք, Հարությունովի կարծիքով, հետխորհրդային տարածքից որևէ երկրի առժամանակ չեն ընդունի որպես դաշինքի լիիրավ անդամ։

Ռազմաքաղաքական վերլուծաբանի դիտարկմամբ՝ համագործակցությունը Հայաստանի հետ կենտրոնացած է խորհրդատվության, ԶՈՒ կառուցվածքային բարեփոխումների, խաղաղապահ առաքելությունների վրա, այսինքն՝ փոխգործակցությունը լայնածավալ բնույթ չի կրում, ինչպես Արևելյան Եվրոպայի երկրների պարագայում։ Ինչ վերաբերում է 1994 թվականից մեկնարկած «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, ապա վերլուծաբանի կարծիքով՝ այն պարունակում է ընդհանրական մոտեցումներ, նախատեսում է համագործակցություն ոչ միայն Հայաստանի հետ, և այդ հարցում դաշինքը հեռու չի գնա, ավելին չի անի։

«Այս պահին էլ սկզբունքային փոփոխություն չի նախանշվում Հայաստանի ուղղությամբ, որովհետև մյուս կողմից էլ ՆԱՏՕ-ն այդքան ռեսուրսներ չունի՝ ռազմատեխնիկական լայնածավալ ներկայություն ապահովելու Հարավային Կովկասում։ Ամբողջ ուժերը կենտրոնացած են Ուկրաինային աջակցելու վրա»,- եզրափակեց Հարությունովը։

Մանվել Մարգարյան

Հայերեն

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

Հեգսեթը հնարավոր է համարել Իրանին հարվածների վերսկսումը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին

Գյումրիի պատմական և մշակութային միջավայրում կհնչի ջազ․ կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը

ԱՄՆ-ն Սիրիան հեռացրել է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից. Դամասկոսը ողջունել է այս քայլը

ՀՀ դեսպանն ու Վրաստանի Ազգային բանկի նախագահը քննարկել են ֆինանսաբանկային ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար

Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են շուրջ 600 հանցագործության դեպք

Պեսկովը «կեղծ լուրեր» է որակել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները