ԱՆԻՖ-ը կարող է անփոխարինելի օգտակար գործիք հանդիսանալ միջազգային ԲՍԿ ստանդարտները Հայաստան ներմուծելու համար. Իսիդորո Լուչիոլա

11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անկախ անդամ Իսիդորո Լուչիոլայի համոզմամբ՝ թեև բավականին կարճ ժամանակահատվածին, ԱՆԻՖ-ն արդեն ունի մի շարք հաջողված համատեղ ներդրումային ծրագրեր: Այնուամենայնիվ, ըստ նրա ակնհայտ է, որ դեռ շատ բան կա անելու, բայց, եթե ԱՆԻՖ-ը և Հայաստանը շարունակեն գնալ այս ճանապարհով, նոր հաջողված պատմությունների համար շատ այլ մեծ հնարավորություններ կբացվեն տարբեր ոլորտներում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում` ֆինանսական ոլորտում իտալացի առաջատար գործիչ ու ձեռնարկատեր Իսիդորո Լուչիոլան ընդգծեց,որդա, անկասկած, նշանակում է, որ իրենք ճիշտ ուղու վրա են և որ քայլ առ քայլ Հայաստանը կընկալվի որպես երկիր, որտեղ արժե ներդրում անել։

- Պարոն Լուչիոլա, շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար։ Խնդրում եմ, ասեք, ի՞նչ կապ կա Ձեր և Հայաստանի միջև և այս համատեքստում ինչպե՞ս սկսվեց Ձեր համագործակցությունը Հայաստանի պետական հետաքրքությունների ֆոնդի (ԱՆԻՖ-ի) հետ: Ինչպե՞ս դարձաք ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամ:

Ինձ միշտ գրավել է աշխարհի այս հատվածը, և հատկապես՝ Հայաստանը։ Նրա պատմությունը, նրա մշակույթը և ժողովուրդը շարունակում են ինձ համար ոգեշնչման անհավատալի աղբյուր լինել, երբ խոսքը վերաբերում է հայ համայնքի համախմբվածությանը և ճկունությանը: Իմ կյանքի ընթացքում ես հնարավորություն եմ ունեցել ճանաչել մի քանի հայերի և տեսնել, թե որքան խելացի և ուժեղ են նրանք: Չմոռանանք նաև պատմամշակութային բազմաթիվ կապերը Հայաստանի և իմ երկրի՝ Իտալիայի միջև: Ահա թե ինչու ես, առանց վարանելու, 2019 թվականին ընդունեցի Դավիթ Փափազյանի հրավերը:

ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդին անդամակցելը հրաշալի հնարավորություն է դարձել Հայաստանն ավելի լավ ճանաչելու և այս երկրի համար իսկապես օգտակար բան անելու համար: Ենթադրում եմ, որ Իտալիայի կառավարությանը պատկանող զարգացման կազմակերպությունը ղեկավարելու և մի քանի միջազգային ինքնիշխան ֆոնդերի նախաձեռնման հարցերում ունեցած իմ փորձը եղել է ընտրության չափանիշ՝ ԱՆԻՖ-ին միանալու հրավերը ստանալու համար:

-Որքանո՞վ է կարևոր ինքնիշխան ֆոնդերի դերը ժամանակակից աշխարհում երկրների տնտեսությունների համար։ Ո՞րն է առաջնայինը՝ ներդրումների ներգրավո՞ւմը, տնտեսական հզորացո՞ւմը, թե՞ այլ բան։

Մեր օրերում ինքնիշխան ֆոնդերը հիմնարար դեր են խաղում ժամանակակից տնտեսությունում: ԱՆԻՖ-ի վստահելիությունն ու լրջությունը ակնհայտ է դառնում, երբ տեսնում ենք բոլոր հրաշալի մարդկանց, ում պարոն Փափազյանն ընտրել է այս ծրագրի մասը լինելու համար: Այս առումով, ողջ աշխատակազմը հստակ գիտի սուվերեն ֆոնդի ռազմավարական նպատակը՝ զարգացնել և ձևավորել սեփական երկրի տնտեսությունը՝ միաժամանակ բարձրացնելով բնակչության բարեկեցության մակարդակը:

Հիմնական առաջնահերթությունը կլաստերների զարգացումն է և ներդրումային օրակարգի ձևավորումը, ինչպես նաև միջնորդ լինելը կառավարության և ներդրողների միջև, ֆինանսական մասնակցություն ունենալը: Այս գործառույթներն իսկապես կարևոր են նաև պոտենցիալ օտարերկրյա ներդրողների դեպքում, որոնք դեռ քիչ բան գիտեն Հայաստանի մասին:

-Պարոն Լուչիոլա, ըստ Ձեզ, ներդրումային ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը։ Ինչպիսի՞ գրավչություն և առաջարկ ունի այն ներդրումային տեսանկյունից։

Ես իսկապես հավատում եմ, որ Հայաստանում մի շարք ոլորտներում, ներդրումներ կատարելը հիանալի հնարավորություն է, քանի որ ձեր մարդկային կապիտալն է ձեզ այդքան արժեքավոր դարձնում: Ելնելով այս հզոր ակտիվից և հաշվի առնելով քաղաքական ռիսկերի և տնտեսության ոլորտում բարելավումները` միջազգային ներդրումային միջավայրում Հայաստանի տեսանելիությունը կարող է ավելի լավ խթանվել։ Այս առումով, ես խորապես վստահ եմ, որ քայլ առ քայլ Հայաստանը կընկալվի որպես երկիր, որտեղ արժե ներդրում անել։

-Այս համատեքստում, ո՞րն է ԱՆԻՖ-ի դերն ու նշանակությունը Հայաստանում:

Ես, թերևս մեկ անգամ ևս պետք է անդրադառնամ անհավանական և բարձր որակավորում ունեցող թիմին, որն օգնում է ԱՆԻՖ-ին ճանապարհ հարթել հաջող ներդրումների համար՝ միշտ լինելով գործընկեր օտարերկրյա ներդրողների համար, ովքեր փնտրում են մասնագիտական փորձ, աջակցություն և կառավարության հետ համատեղ ձեռնարկությունում մասնակցություն ունենալու հարմարավետություն։

-ԱՆԻՖ-ը որոշ ժամանակ գործում և արդեն հասցրել է հաջող ծրագրեր իրականացնել։ Ինչպե՞ս կգնահատեք ԱՆԻՖ-ի գործունեությունը:

Թեև մենք խոսում ենք բավականին կարճ ժամանակահատվածի մասին, ԱՆԻՖ-ն արդեն ունի է մի շարք հաջողված համատեղ ներդրումային ծրագրեր: Պարզապես նշենք դրանցից մեկը՝ Հայաստանը պատրաստվում է ունենալ արդյունաբերական ծավալով առաջին ամենամեծ արևային կայանը՝ ԱՆԻՖ-ի և Մասդարի միջև 2020 թվականին ստորագրված համատեղ համաձայնագրի շնորհիվ։

Մեկ այլ հաջող նախագիծ է 2021 թվականին Էյր Արաբիայի հետ համատեղ` Ֆլայ Արնա ազգային ավիաընկերության ստեղծումը: Այս և շատ այլ ծրագրերում ԱՆԻՖ-ի ներդրումներն ընդլայնվել են տեղական ձեռնարկությունների մեջ՝ շուկա բերելով միջազգային անուններ: Ակնհայտ է, որ դեռ շատ բան կա անելու, բայց ես կարծում եմ, որ եթե ԱՆԻՖ-ը և Հայաստանը շարունակեն գնալ այս ճանապարհով, նոր հաջողված պատմությունների համար շատ այլ մեծ հնարավորություններ կբացվեն տարբեր ոլորտներում (օրինակ՝ առողջապահություն, ժամանց և այլն: )

- Ինքնիշխան ֆոնդերի միջազգային ֆորումը (IFSWF) Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին շնորհել է ասոցացված անդամի կարգավիճակ: Սա ի՞նչ հնարավորություններ կտա Հայաստանին։

Պատասխանելով այս հարցին, պետք է ընդգծեմ, որ 12,4 տրիլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող ուղղակի կառավարվող ակտիվներով սուվերեն ֆոնդերը այժմ կարող են համարվել ամենաազդեցիկ ինստիտուցիոնալ ներդրողները համաշխարհային ֆինանսական շուկաներում և նրանց ակտիվությունը գնալով աճում է։ Նրանք ունեն իրենց երկրների տնտեսությունը զարգացնելու և ապագա սերունդների համար հարստություն ստեղծելու հիմնական առաքելություն։ IFSWF-ի՝ աճող միջազգային ազդեցիկ հաստատության ասոցացված անդամ նշանակվելը ոչ միայն տեսանելիություն է տալիս ԱՆԻՖ-ին և Հայաստանին, այլև հնարավորություն է տալիս կիսել լավագույն փորձը և ստեղծել հետագա կապեր համատեղ ներդրումների համար: Այնուամենայնիվ, ասոցացված անդամակցությունը ԱՆԻՖ-ի համար և՛ հաջողություն է, և՛ պարտավորություն՝ անելու ավելին՝ լիիրավ անդամակցության հասնելու համար՝ շարունակելով ԱՆԻՖ-ի կողմից ընտրված կայուն և «ազդեցություն ունեցող» ներդրումների ուղին:

- IFSWF կողմից Իտալիայում անցկացված կայուն զարգացման միջոցառմանը ԱՆԻՖ-ի անունից մասնակցել եք նաև դուք: Արդյո՞ք կայունությունը կարևոր է սուվերեն ֆոնդերի ծրագրերի համար:

Դա իսկապես այդպես է: Պարզապես ուշադրություն դարձրեք IFSWF-ի միջոցառման թեմային՝ «Սուվերեն ֆոնդերի կայունության հետքը»: Կայունությունը ինքնիշխան ֆոնդերի իրական նպատակն է:

Նրանք ամենաակտիվ խաղացողներն են կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարի նախաձեռնություններին աջակցելու գործում՝ նվազեցնելով արտանետումները և զարգացնելով վերականգնվող էներգիան և նորարարական տեխնոլոգիաները, ինչպես նաև բարելավելով սոցիալական ազդեցությունը՝ կայունության տեսանկյունից ավելի բարձր ներդրումային չափանիշների ընդունման միջոցով:

Երկարաժամկետ տեսլականով ինքնիշխան ինստիտուցիոնալ ներդրողները, որոնք ի սկզբանե չեն տրվում իրենց ներդրումները մակերեսային «կանաչ ներկելու» և «կանաչ լվացման» գայթակղությանը, դառնում են ավելի արդյունավետ, քան կառավարությունները՝ բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ԲՍԿ) բոլոր ոլորտները արդյունավետ կառավարելու քաղաքականություն որդեգրելու առումով:

ԱՆԻՖ-ը խթանում է կայուն ներդրումները և նաև պարտավորվում է խթանել ու աջակցել այն բիզնեսներին, որոնցում ներդրումներ է կատարում՝ համապատասխանելու բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ԲՍԿ) լավագույն փորձին: Կարծում եմ, որ այս առումով դեռ շատ անելիքներ կան, բայց նաև վստահ եմ, որ ԱՆԻՖ-ը կարող է անփոխարինելի օգտակար գործիք հանդիսանալ միջազգային ԲՍԿ ստանդարտները երկիր ներմուծելու համար: Համաշխարհային մատակարարման շղթայի՝ ստանդարտներին համապատասխանեցումը դառնում է ավելի ու ավելի խիստ ԲՍԿ թեմաների վերաբերյալ, և հայ գործարար գործընկերները պետք է հետ չմնան սահմանված չափանիշներին համապատասխանելու հարցում: Այդ իսկ պատճառով ակնհայտ է, որ ԱՆԻՖ-ի պատասխանատվությունը խթանելու և աջակցելու կայունության հաստատմանը հանուն ավելի լավ Հայաստանի մեծ է և կարող է հանգեցնել հսկայական հաջողության:

Իսիդորո Լուչիոլան ֆինանսական ոլորտում իտալացի առաջատար գործիչ ու ձեռնարկատեր է և միջազգային գործարար աշխարհում ունի երկարամյա աշխատանքային փորձ:

Նա ներդրումային բանկերի և անկախ կորպորատիվ ֆինանսական կառույցի հիմնադիր նախագահն է։ Ի.Լուչիոլան հանդիսանում է Իտալիայում գործող բանկերի (վարկային գործակալությունների), ինչպես նաև Իտալիայի ֆինանսական շուկայի առաջատար խորհրդատվական և գործակալական ծառայությունների գծով խորհրդատու:

Նա եղել է իտալական և միջազգային խոշոր ընկերությունների, պրոֆեսիոնալ ներդրողների և բանկերի ֆինանսական խորհրդատու: Իսիդորոն, որպես մենեջեր, մեծ փորձ ունի արդյունաբերական ընկերությունների և իտալական զարգացման նորաստեղծ բանկի (այն ամբողջությամբ պատկանում է Իտալիայի գանձապետարանին) կառավարման գործում:

Ի.Լուչիոլան կառավարական կոմիտեների անդամ է, դասախոսում է Ուրբինոյի համալսարանի միջազգային ֆինանսների բաժնում և իր նվաճումների համար բազմիցս պարգևատրվել է Իտալիայում և արտերկրում:

Գայանե Գաբոյան

Հայերեն English Français

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում