Պաշտոնական

ՀՀ վարչապետը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ նախագահին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ՝ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից,ուղերձում ասված է.

«Ձերդ վսեմություն,

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը:

Հայ և արաբ ժողովուրդների բարեկամական կապերը դարերի խորքից եկող պատմություն ունեն, և այսօր նույնպես հպարտությամբ ականատես և մասնակից ենք միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացման այնպիսի մի փուլի, որում ակներև են առաջադիմական հեռանկարներ:

Գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ մեր կառավարությունների միջև 2019 թվականին ստեղծվել և արդյունավետորեն գործում է առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովը, իսկ մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը վերջին երկու տարիներին ռեկորդային ցուցանիշ է գրանցել:

Այսօր Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի կարևոր գործընկերներից է ոչ միայն տարածաշրջանային նշանակության փոխշահավետ նախագծերի իրականացման և գործարար մթնոլորտի աշխուժացման, այլև՝ միջքաղաքակրթական երկխոսության խորացման առումով:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առաջիկա տարիներին կկարողանանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով հագեցնել հայ-էմիրաթական երկկողմ համագործակցության օրակարգը՝ ի շահ մեր պետությունների և բարեկամ ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ հանձնառությունս անձնական ջանքեր գործադրել մեր երկրների միջև հարգանքի և փոխվստահության վրա հիմնված համագործակցության ամրապնդման ու խորացման ուղղությամբ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում