Արցախ

Արցախի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում կանխել Բաքվի ռազմական հանցագործությունները և էթնիկ զտումները

6 րոպեի ընթերցում

Արցախի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում կանխել Բաքվի ռազմական հանցագործությունները և էթնիկ զտումները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել երկրի շարունակվող ամբողջական շրջափակման մասին՝ կոչ անելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերին, և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնությանը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ ապահովելու համար ստանձնած միջազգային պարտավորությունների անշեղ և լիարժեք իրականացումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիմում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման առաջնային պատասխանատվությունը, ինչպես նաև միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամներին, ներառյալ առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարություններին, խոսքից գործի անցնել և Պաշտպանության համընդհանուր պատասխանատվության շրջանակներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի դեմ իրականացվող ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները և մարդկության դեմ հանցագործությունները։

Հայտարարության մեջ նշված է. «Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ արդեն 9-րդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է ամբողջովին և անօրինական կերպով արգելափակել Լաչինի միջանցքը, որի նկատմամբ վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի, վերապահված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների և դրան հաջորդած Լաչինի միջանցքով ճանապարհի ամբողջական արգելափակման պատճառով հունիսի 15-ից դադարեցվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից Արցախի Հանրապետության 120 հազար բնակչության գոյատևման համար անհրաժեշտ հումանիտար բեռների, մասնավորապես՝ պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների բոլոր փոխադրումները: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից չի իրականացվում Արցախից Հայաստանի բուժհաստատություններ ծանր հիվանդների տեղափոխումը, ինչպես նաև կենսական նշանակության դեղամիջոցների մատակարարումը հանրապետություն։ Որպես հետևանք պարենի և դեղորայքի ներքին սուղ պաշարներն արագ սպառվում են, ինչը սպառնում է հանրապետությունում ստեղծված իրավիճակը վերածել հումանիտար աղետի։

Ավելին, հունիսի 22-ին ադրբեջանական կողմը Հակարի կամրջի վրա տեղադրել է բետոնե բլոկներ՝ ամբողջությամբ արգելափակելով Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհի երթևեկելի հատվածը և տեխնիկապես անհնարին դարձնելով տրանսպորտային միջոցների շարժն այդ ճանապարհով։ Այսպիսով, ընդամենը մեկ ամսվա ընթացքում Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի վրա ապօրինի տեղադրած և գովազդած իր անցակետն Ադրբեջանը վերածել է զրահատեխնիկայով, ինժեներական արգելապատնեշներով և զինված անձնակազմով համալրված ռազմական հենակետի: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական կողմի բոլոր գործողությունները, ներառյալ կեղծ ակտիվիստների կողմից բեմադրված ցույցը, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակումը, Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը, խաղաղ բնակիչների թիրախավորումը և դաշտերում գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտումը, կրում են կանխամտածված և ծրագրված բնույթ և նպատակ ունեն հայերի կյանքն Արցախում դարձնել անհնարին։

Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս զգուշացրել են, որ ադրբեջանական անցակետի ապօրինի տեղադրումը բացասական հետևանքներ կունենա Լաչինի միջանցքի երկայնքով անվտանգ և անարգել տեղաշարժի համար, որն այժմ փաստացի ամբողջությամբ դադարեցված է, և 120.000 մարդ Արցախում, այդ թվում՝ 30.000 երեխա, իրենց սեփական տանը հայտնվել են պատանդի կարգավիճակում։ Ստեղծված իրավիճակում գետնի վրա առկա իրողությունների անտեսումը, անհասցե հայտարարություններն ու կոչերը, միջազգային հանրության կողմից կոնկրետ և համարժեք քայլերի բացակայությունը միայն խրախուսում են Ադրբեջանի իշխանություններին շարունակել և ակտիվացնել իրենց անօրինական և ագրեսիվ գործողությունները:

Կոչ ենք անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերին, և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնությանը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ ապահովելու ստանձնած միջազգային պարտավորությունների անշեղ և լիարժեք իրականացումը։ Դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման առաջնային պատասխանատվությունը, ինչպես նաև միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամներին, ներառյալ առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարություններին, խոսքից գործի անցնել և Պաշտպանության համընդհանուր պատասխանատվության շրջանակներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի դեմ իրականացվող ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները և մարդկության դեմ հանցագործությունները»։

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ

Ռազմական

2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ

ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը

Իրան

ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությանը

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությանը

Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը

Ռազմական

Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Միացյալ Նահանգներ

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Կոտայքի մարզում կործանված ինքնաթիռը ուսումնամարզական է. ՊՆ

Ռազմական

Կոտայքի մարզում կործանված ինքնաթիռը ուսումնամարզական է. ՊՆ

Հայաստանի ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցը՝ «Հետք»-ին

Քաղաքականություն

Հայաստանի ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցը՝ «Հետք»-ին

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

Ռազմական

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Ռազմական

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում