ԵԽԽՎ-ն ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քվեարկությամբ ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։

Ադրբեջանի պատվիրակությունն արեց ամեն ինչ բանաձևը փոփոխելու կամ դրա ընդունումը տապալելու համար, բայց ոչինչ չստացվեց։ Նրանց առաջարկած մոտ 60 փոփոխությունները մերժվեցին և բանաձևն ընդունվեց։

Ի հեճուկս Ադրբեջանի պնդումների՝ ԵԽԽՎ բանաձևը հստակ արձանագրում է, որ Լաչինի միջանցքով չկա ազատ և անվտանգ տեղաշարժ։

Բանաձևը հիմնականում անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար և մարդու իրավունքների հետևանքներին, ընդգծվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ կատարել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, կոչ է արվում Ադրբեջանին վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանին նաև հասցեական կոչ է արվում հրաժարվել հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից։

Բանաձևում, ի թիվս այլ կետերի, մասնավորապես, արձանագրվում է.

Վեհաժողովը չափազանց անհանգստացած է Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ընդհատումով և դրան հաջորդած էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման կանխամտածված դադարեցմամբ։

Վեհաժողովը ցնցված է այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ընդունում ներկա իրավիճակից բխող լրջագույն հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված հետևանքները:

Վեհաժողովը խորապես ափսոսում է, որ ԵԽԽՎ զեկուցողն իր փաստահավաք այցի ընթացքում չի հրավիրվել Ադրբեջան և չի կարողացել մեկնել Լաչինի միջանցք։

Վեհաժողովը շեշտում է, որ ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել նրան, որ հայ բնակչությունը պարտադրված լինի լքել իրենց տներն ու համայնքները, եթե հակամարտությունը լուծում չստանա: Այս համատեքստում Վեհաժողովը կոչ է անում հրատապ հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջոցով, ինչպես նաև ապահովել միջազգային չեզոք ներգրավում՝ խաղաղությանն ուղղված ցանկացած մեխանիզմի կիրառման համար։

Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին առանց ավելորդ երկարաձգման կատարել 2022 թ․ դեկտեմբերի 21-ին կիրառված ՄԻԵԴ միջանկյալ միջոցները։

Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին հրատապ կերպով կատարել նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։

Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին հրավիրել Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը փաստահավաք առաքելությամբ այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար: Վեհաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ այլ միջազգային կազմակերպություններին՝ ներառյալ ՄԱԿ հաստատություններին, մուտք գործել տարածաշրջան։

Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին իրապես կառուցողական և խաղաղ մոտեցում ցուցաբերել հարևան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ:

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում գործադրել բոլոր ջանքերը երկու ուղղություններով Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի համար:

ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը և հայերի հետ համաձայնեցնել հայկական, ոչ թե՝ ադրբեջանական տարածքով անցնող գազի և էլեկտրացանցի մատակարարման նոր երթուղին:

Վեհաժողովը խիստ մտահոգված է Ադրբեջանի ղեկավարության՝ ամենաբարձր մակարդակով հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությամբ և հորդորում է Ադրբեջանին հրաժարվել նման հռետորաբանությունից և քայլեր ձեռնարկել ինչպես ատելության խոսքի, այդ թվում՝ հանրության և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող, այնպես էլ ատելության հողի վրա հանցագործությունների դեմ պայքարելու համար»,- նշել է Ռուբեն Ռուբինյանը:

Հայերեն العربية English Русский

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ կմշակի ՀՕՊ համակարգ

Իսրայելական բանակը հայտնել է Լիբանանի հարավում իր մեկ զինվորի մահվան և ևս յոթ զինվորի վիրավորման մասին

Նոր կարգավորման համաձայն՝ էներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկուն

Քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026թթ. ռազմավարական ծրագրի իրականացման առաջընթացը

Արմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռ

Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը կոչ է արել արդիականացնել ՄԱԿ-ը և այն ավելի արդյունավետ դարձնել

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում