Մշակույթ

Ռուսական արվեստի թանգարանում նորացված մշտական ցուցադրություն է բացվել

3 րոպեի ընթերցում

Ռուսական արվեստի թանգարանում նորացված մշտական ցուցադրություն է բացվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերանորոգումից հետո Ռուսական արվեստի թանգարանը հունիսի 16-ից իր հյուրընկալ դռներն է բացել այցելուների առաջ նորացված մշտական ցուցադրությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունը նվիրված է թանգարանի հիմնադիր, սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, խորհրդային բժշկության առաջատար ներկայացուցիչ պրոֆեսոր Արամ Հակոբի Աբրահամյանի ծննդյան 125-ամյակին։

Երևանի Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) հիմնադրվել է պրոֆեսոր Արամ Հակոբի Աբրահամյանի անձնական հավաքածուի հիման վրա։ Այս անգին նվերն իր պատմական հայրենիք Հայաստանին նրա հայրենասիրության ամենամեծ դրսևորումներից էր։

Թանգարանի հավաքածուն ներկայացնում է ռուսական, ինչպես նաև համաշխարհային արվեստի պատմության համար չափազանց կարևոր և առանձնահատուկ ժամանակաշրջանի՝ 19-րդ դարի վերջի 20-րդ դարասկզբի գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ կիրառական արվեստի և բեմանկարչության վարպետների գործերը։

Ցուցադրված են այնպիսի արվեստագետների գործեր, ինչպիսիք են Կ. Կորովինը, Վ. Սերովը, Կ. Սոմովը, Վ. Բորիսով-Մուսատովը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Բ. Կուստոդիևը, Ա. Բենուան, Ն. Գոնչարովան, Կ. Պետրով-Վոդկինը, Ն. Ռերիխը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Ռ. Ֆալկը, Պ. Կոնչալովսկին, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Մ. Սարյանը, Զ. Սերեբրյակովան, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և այլք։ Հեղինակները ներկայացված են ըստ անդամակցած արվեստի միությունների՝ «Արվեստի աշխարհ», «Երկնագույն վարդ», «Բուբնովի վալետ», «Ավանակի պոչ», «Ռուս նկարիչների միություն» և այլն:

Երևանի Ռուսական արվեստի թանգարանն իր նշանակությամբ կարելի է դասել ռուսական մշակույթի ուսումնասիրության համաշխարհային կենտրոնների շարքին։

«Կարծում ենք, որ վերանորոգված սրահներում նոր մշտական ցուցադրությունը արժանի հարգանքի տուրք կլինի ականավոր բժիշկ, հայրենասեր Արամ Աբրահամյանի հիշատակին։ Թանգարանի վերանորոգումը և լուսավորության արդիականացումն իրականացվել է հովանավորների աջակցությամբ»,-ասվում է թանգարանի տարածած հաղորդագրության տեքստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում