Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը․ վարչապետն ահազանգեց՝ Լեռնային Ղարաբաղ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի գործողությունները ևս մեկ անգամ վերահաստատում են Հայաստանի մտավախությունը այն մասին, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականություն է վարում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, Լեռնային Ղարաբաղին էլեկտրական էներգիայի և բնական գազի մատակարարումների արգելափակումը, որն, ըստ էության, շարունակվում է 6 ամիս, ծայրահեղ կերպով սրել են հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ու, եթե նախորդ ամսվա ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Լաչինի միջանցքով՝ Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով, երեկվանից զրոյացվել է այդ անցանելիությունը նույնպես և անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումն է դադարեցվել Լեռնային Ղարաբաղին։ Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում։ Նաև թույլ չի տրվում անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիների անցումը Լաչինի միջանցքով։ Այս գործողությունները ևս մեկ անգամ հիմնավորում են մեր այն մտավախությունը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականություն է վարում։
Չնայած տվյալ դեպքում խոսքը ոչ թե մտավախության մասին է, այլ արդեն գործողությունների մեկնարկի։ Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը։ Արգելակվում է Լեռնային Ղարաբաղի հայերի սննդի, գազի, էլեկտրական էներգիայի մատակարարումը, գյուղատնտեսական աշխատանքների իրականացնող քաղաքացիները թիրախավորվում են կրակահերթերով, արգելակված է տեղաշարժի հնարավորությունը նույնիսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այս իրավիճակի Հայաստանի արձագանքը պետք է լինի նաև միջազգային տեղեկացվածության բարձրացումը, ընդ որում՝ ոչ միայն կազմակերպությունների և օտարերկրյա կառավարությունների, այլև հանրությունների մակարդակով։
«Այս ուղղությամբ մեր ջանքերը չպետք է նվազեն»,- ավելացրեց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը շարունակում է կարծել, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմների շրջանակներում չափազանց կարևոր է։
«Պետք է հուսալ, որ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն»,- եզրափակեց Փաշինյանը։