Մշակույթ

Լևոն Մալխասյանը, Մհեր Համբարձումյանը և Արտյոմ Լալայանը ելույթ են ունեցել Ռուսաստանի օրվան նվիրված ջազային համերգին

4 րոպեի ընթերցում

Լևոն Մալխասյանը, Մհեր Համբարձումյանը և Արտյոմ Լալայանը ելույթ են ունեցել Ռուսաստանի օրվան նվիրված ջազային համերգին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լևոն Մալխասյանը, Մհեր Համբարձումյանը և Արտյոմ Լալայանը ելույթ են ունեցել Ռուսաստանի օրվան նվիրված ջազային համերգին: Հայկական ջազի աստղերը երևանյան հանդիսատեսին են ներկայացրել հայ, ռուս և այլ երկրների կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները՝ Ռուսաստանի օրվան նվիրված երաժշտական երեկոյի ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնից, միջոցառումը նախաձեռնել էր «Դոմ Մոսկվի»-ն՝ Մոսկվայի կառավարության, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

«Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը ակտիվ գործակցում է տարբեր ժանրերում ստեծագործող մշակութային գործիչների և երաժիշտների հետ։ Այս տարի լրանում է հայկական ջազի 70-ամյակը, որոշեցինք մայրաքաղաքի հանդիսատեսին նվիրել ջազ երաժշտության համերգ։ Հայ կատարողները հայտնի են ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Ռուսաստանում, որտեղ նրանք հաճախ են ներկայանում ռուս ջազմենների հետ: Աս միջոցառումը կոչված է կրկին ցույց տալու մեր մշակույթների ընդհանրությունը», – նշել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

«Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի և նրա գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ վաղեմի ընկերներ ենք։ Տարիներ շարունակ մենք սերտ գործակցում ենք։ Համերգին ելույթ ունենալու հրավերին պատրաստակամորեն արձագանքեցի, քանի որ գիտեի, որ ամեն ինչ լինելու է բարձր մակարդակի վրա։ Այսօրվա հանդիսատեսի համար կատարեցի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունը, որը բարեկամության խորհրդանիշ և կապող օղակ է հայ և ռուս ժողովուրդների միջև: Իսկ երկրորդ կոմպոզիցիան նվիրեցի իմ հեռակա ուսուցիչ Օսկար Փիթերսոնի հիշատակին», – ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, ջազմեն, կոմպոզիտոր և երաժիշտ Լևոն Մալխասյանը։

Ըստ աղբյուրի՝ համերգին ելույթ է ունեցել նաև Մհեր Համբարձումյանը՝ լեգենդար ծանրորդ, աշխարհի ռեկորդակիր Սերգո Համբարձումյանի որդին: Մհեր Համբարձումյանի երգացանկում կան բազմաթիվ կատարումներ Ֆրենկ Սինատրայի երգացանկից: Ջազային երեկոն համընկել էր Մհերի ծննդյան տարեդարձի հետ։

«Ուրախ եմ, որ հանգամանքների բերումով Ռուսաստանի օրվան նվիրված համերգը համընկավ իմ ծննդյան օրվա հետ։ Ավելի քան 50 տարի ապրում և ստեղծագործում եմ Մոսկվայում, ուրախ եմ այստեղ լինելու համար, շատ ոգևորեց հանդիսատեսի ջերմ ընդունելությունը», – ընդգծել է Մհեր Համբարձումյանը։

Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել ջազ տրիոն՝ կոմպոզիտոր և երաժիշտ Գարիկ Սարիբեկյանի գլխավորությամբ, «Ջազ հայկական ակցենտով» նախագծի հեղինակ, կոմպոզիտոր Արտյոմ Լալայանը, Նիկ Տեր-Հովհաննիսյանը (կիթառ), Արեգ Կարախանյանը (սաքսոֆոն), վոկալիստներ Սոնա Ումրոյանը և Արման Վարդանյանը:

Նշվում է, որ համերգին ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ՀՀ պետական կառույցների և ռուսական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ:

07.jpg (224 KB)

08.jpg (478 KB)

03 (1).jpg (365 KB)

04 (1).jpg (574 KB)

09.jpg (541 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում