ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hունիսի 3-ին, ժամը 22:07-ին ահազանգ է ստացել, որ Սպիտակ քաղաքի «Վեգա» խանութ-սրահի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցում՝ «Վեգա» խանութ-սրահի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Հ. ծնված 2001 թ․) և «Opel» (վարորդ՝ Ս. Ու. ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է շարժիչի հատվածը՝ մասամբ։
Վարորդները հոսպիտալացվել են Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ա. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս. Ու.-ինը՝ միջին ծանրության։
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։