Հայաստանի ազգային գրադարանում ներկայացվել են Հայոց ցեղասպանությանը և 44-օրյա պատերազմին նվիրված երեք գրքեր

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանը (ՀԱԳ) և Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը համատեղ երեք գրքերի՝ շնորհանդես-քննարկում է կազմակերպել Ազգային գրադարանում. Լուսինե Աբգարյանի «Հետհիշողություն, ֆիկցիա, պատկերապատում, ֆրանսիական արդի գրականության անդրադարձը Հայոց Ցեղասպանությանը» գիտական ուսումնասիության հիմնահարցերի շրջանակում ներկայացվել են Բրյուսովի համալսարանի շրջանավարտ, 44-օրյա պատերազմի մասնակից Տիգրան Գասպարյանի «Հիշողություններ պատերազմից» ինքնակենսագրական պատումը և գրող, լրագրող Լիկա Զաքարյանի «44 օր. օրագիր անտեսանելի պատերազմից» պատերազմական օրագիրը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային գրադարանից, ՀԱԳ-ի տնօրեն Աննա Չուլյանի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի ողջույնի խոսքերից հետո համալսարանի դասախոս Լուսինե Աբգարյանը հանգամանորեն խոսել է հիշողության վերաիմաստավորման, վկայությունների, հետանդրադարձերի, հետհիշողության մասին՝ համապարփակ ներկայանելով թեման։

Ըստ աղբյուրի՝ զուգահեռներ անցկացնելով Հայոց ցեղասպանության և 44-օրյա պատերազմի ականատեսների վկայությունների միջև՝ Լուսինե Աբգարյանը զրույցի է հրավիրել Տիգրան Գասպարյանին և Լիկա Զաքարյանին։

Լիկա Զաքարյանը պատմել է, որ 44-օրյայի ամբողջ ընթացքում Ստեփանակերտում, ռմբապաստարանում շարադրել է իր ապրումները, խորհրդածությունները, իր միջով անցկացրել տեղի ունեցող իրադարձությունները։

Նա նշել է, թե իր օրագրությունն այնքան անձնականացված է եղել՝ վերջին օրվա ամենօրյա զգացողությամբ, ապրողի անկեղծությամբ, որ հետագայում, երբ առիթ է ունեցել այն թարգմանելու անգլերեն, ինքն իրեն պախարակել է այդքան բաց գրելու համար։

Զաքարյանն ընդգծել է, որ իր համար անչափ ծանր է օրագիրը վերընթերցելն ու այդ օրերի արհավիրքը վերապրելը ։

«Տիգրան Գասպարյանն ականատեսի իր վկայությունները շարադրել է մի շնչով։ Ի տարբերություն Լիկայի, նա իր գիրքը որերորդ անգամ ընթերցելուց հետո արդեն որպես ուրիշի ստեղծագործություն է ընկալում։

Գրական երկերը մասնակցում են մարդկության դեմ գործված ոճրագործության ժխտողականության մասի իրազեկվածության բարձրացման գործին։

Ավելի քան 100 տարի անց, Օսմանյան կայսրության անկման՝ մայրամուտի համապատկերում իրագործված Հայոց ցեղասպանությունը ո՛չ քաղաքական, և ո՛չ էլ դիվանագիտական առումով անցյալին չի պատկանում:

Հայոց Ցեղասպանության թեման արևմտաեվրոպական գրական դաշտում ի հայտ եկավ ուշացումով: Արևմտյան Եվրոպայում Ֆրանսիան առաջին երկրներից մեկն էր, որտեղ մտավորականությունը բարձրացրեց իր ձայնը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Լուսինե Աբգարյանի «Հետհիշողություն, ֆիկցիա, պատկերապատում, ֆրանսիական արդի գրականության անդրադարձը Հայոց Ցեղասպանությանը» գրքում հեղինակը քննության է առել ծագումով հայ և ֆրանսիացի քսանից ավելի հեղինակների երկերը: «Այլոց ողբերգությունն արտահայտելու գրականություն»,- նշել է հեղինակը։

ՀԱԳ-ի տեղեկացմամբ՝ Լուսինե Աբգարյանը հանգամանորեն ներկայացրել է նաև տարբեր ոլորտների՝ պատմաբաններ Ռեյմոն Գևորգյանի, Թաներ Աքչամի, Իվ Տերնոնի, հոգեվերլուծաբաններ Ժանին Ալթունյանի, Հելեն Փիրալյանի, գրականագետներ Կաթրին Կոքիոյի, Մարիան Հիրշի՝ թեմային նվիրված տեսական դրույթները:

«Գրքի առաջին մասը՝ «Ցեղասպանության «ուրվականը». հիշողության հիշողությունը. վկայության, հետհիշողության և պատումի խաչմերուկում» վերնագրով, անդրադարձ է «ճակատագրական ժառանգականությանը, որով, առանց իրենց իսկ ցանկության, վերապրողների սերունդներն առնչվում են իրենց ծնողների/նախնիների պատմական հոգեցնցմանը:

Գրքի երկրորդ՝ «Պատմության, ֆիկցիայի և հանձնառության խաչմերուկում» մասում մենք հայտնվում ենք Պատմության՝ իրական անցյալի և ֆիկցիոնալ աշխարհների խաչմերուկում: Պատմական անցյալը ներկայացնելը սերտորեն առնչվում է ֆիկցիային, իսկ այս վերջինն իր կանոնների միջոցով փորձում է հնարավորինս մոտենալ անցյալին: Այս մասում հեղինակը կենտրոնանում է վեց երկերի վերլուծության վրա, որոնց հեղինակներից երեքը ֆրանսիացի, երեքը՝ ծագումով հայ ֆրանսագիր արձակագիրներ են:

Ուսումնասիրության երրորդ՝ «Պատկերապատումը և Ցեղասպանությունը» մասում Լուսինե Աբգարյանը անդրադառնում է գրաֆիկական պատումին՝ լուսանկարչությանը, ցեղասպանության թեմայի արվեստի լեզվով մատուցմանը՝ կինոյին և երաժշտությանը»,- հայտնում են ՀԱԳ-ից:

«Հետհիշողություն, ֆիկցիա, պատկերապատում, ֆրանսիական արդի գրականության անդրադարձը Հայոց Ցեղասպանությանը» գիրքը լույս է ընծայվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի ազգային գրադարանի կողմից համակարգվող դրամաշնորհային ծրագրով, «Անկյունաքար» հրատարակչությունում: Գրքի տպագրությանն աջակցել են նաև Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիան (NAASR) և SPFA-ն՝ Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի «Օժանդակություն տպագրությանը» ծրագրով։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն