«Մոռացված թագավորություն. Վերին Նավեր» ցուցադրությանը ներկայացված են հիսուն տարվա պեղումների բացառիկ արդյունքներ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնագետ, արվեստագետ Հակոբ Սիմոնյանի գլխավորած արշավախումբը Վերին Նավերի պեղումներից հայտնաբերել է հոգևոր և աշխարհիկ իշխանության բազմաթիվ վկայություններ, թանկարժեք մետաղներից և քարերից պերճանքի առարկաներ, իշխանության խորհրդանիշներ՝ զենքեր, կնիք, ձիասանձեր, դիմաքանդակներով մեդալիոններ և այլն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հետաքրքիր գտածոները տեղ են գտել «Մոռացված թագավորություն. Վերին Նավեր» խորագրով ցուցադրությանը, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 30-ին Հայաստանի պատմության թանգարանում:

Հակոբ Սիմոնյանի խոսքով՝ Վերին Նավերում պեղումներ են սկսվել 1976 թվականից և հիմնական շեշտադրումը դրել են ուշ բրոնզեդարյան դամբարանների վրա, որոնք կրում են արքայական իշխանության խորհրդանիշներ: «Սա այն ժամանակաշրջանն է, երբ Հայաստանում արդեն ձևավորված պետություններ կային, և պեղումների ժամանակ բացահայտվել են առաջնորդ արքաների, գերագույն քուրմերի դամբարաններ: Չնայած դամբարանները թալանված են եղել, բարեխիղճ պեղումների արդյունքում ստացել ենք վիթխարի տեղեկատվություն այդ ժամանակ Արարատյան դաշտում ապրող հասարակության, սոցիալական կառուցվածքի, միջազգային կապերի, արհեստների, առևտրի, զինուժի մասին: Բացառիկ ազդեցություն ունեն մարտակարգերի բրոնզե դետալների հայտնաբերումը և Միջագետքից, Լևանտից, Պարսկաստանից, Միջին Ասիայից և անգամ հեռավոր Չինաստանից ներկրված պերճանքի առարկաները»,-շեշտեց հնագետը:

Նա հիշեցրեց, որ վաղ երկաթը սկսվում է Ք.ա 12-11-րդ դարերում, իսկ Վերին Նավերի դամբարանները թվագրվում են Ք. ա. 1650-1400-ական թվականների: «Ստացվում է, որ վաղ երկաթի դարին նախորդում է ավելի քան 300, 400 տարի, և բոլոր խավերի դամբարաններում մենք հայտնաբերել ենք երկաթե իրեր, ինչը բացառիկ երևույթ է: Երկաթի լայն կիրառությունից առաջ հայերն ունեցել են երկաթե իրար: Այդ ժամանակ երկաթը չորսից ութ անգամ ավելի մեծ արժեք է ունեցել, քան ոսկին, և երկաթից պատրաստված սրերի, զարդերի, գործիքների առկայությունը ցույց է տալիս, որ այդտեղ եղել է շատ հետաքրքիր երևույթ»,-ընդգծեց Սիմոնյանը:

Նա բացառիկ է համարում նաև ցուցադրության մեջ ներառված մեդալիոնները: Հակոբ Սիմոնյանը վստահեցրեց, որ նման մեդալիոններ կան Լուվրի, Բրիտանական թանգարաններում, որոնք գտնվել են Էլամում: «Արքայական դամբարանում, որտեղ դրված է եղել նաև մարտակարգ, հինգ նման մեդալիոն է հայտնաբերվել՝ հիանալի դիմաքանդակներով, ինչը վկայում է, թե ինչ յուրահատուկ տեսք են ունեցել մեր հեռավոր նախնիները: Դրանք վկայում են նաև այն մասին, որ հեռավոր Էլամի ու Հայաստանի միջև եղել են կապեր, թերևս նաև ռազմական, որ երկու երկրները միավորվել են ընդդեմ ընդհանուր թշնամու»,-եզրափակեց հնագետը:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կարևորեց այն փաստը, որ վերջին տարիներին թանգարանը տարբեր հուշարձաններում կատարված պեղումների արդյունքներին նվիրված ցուցադրությունների շարք է իրականացնում:

«Ուրախ ենք, որ առիթ է ստեղծվել հանրությանը ներկայացնել Վերին Նավեր հարուստ հուշարձանախմբից հայտնաբերված հետաքրքիր նմուշների ընտրանին: Այս ցուցադրությունը, որը բաց կլինի մի քանի ամիս, ներառում է շուրջ հիսուն տարի ընթացող պեղումների արդյունքները, բայց շեշտը դրվել է բարձր խավին պատկանող կամ մոռացված թագավորությանը վերաբերող նմուշների վրա»,-ընդգծեց նա:

Ցուցադրությանը, որը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի համագործակցությամբ, կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ վերջին երկու տարվա ընթացքում ինտենսիվ համագործակցում են հայաստանյան թանգարանների հետ: «Այսօրվա ցուցադրությունը հինգերորդն է: Այս ընթացքում մենք թանգարաններին ենք հանձնել 400-ից ավելի վերականգնված գտածոներ, որոնք արդեն թանգարանային տեսքի են բերվել ու պատրաստ են ցուցադրության: Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցության վառ արդյունքը հենց այս ցուցադրությունն է, որի ուղղությամբ աշխատել ենք շուրջ մեկ տարի»,-նշեց Հարությունյանն ու հավելեց՝ տիտանական աշխատանք են կատարել հնագետները, վերականգնողները, ճարտարապետները, չափագրողները և այլք:

Շուրջ մեկ և կես հազարամյակ (Ք.ա. 23-7 դդ.) գործած Վերին Նավերի դամբարանադաշտում այսօր պահպանվել է շուրջ 500 դամբարան, որոնք ձևավորում են Հին Արևելքի ամենաընդարձակ դամբարանադաշտերից մեկը:

Հայերեն

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ