ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 29-ին, ժամը 17։09-ին տեղեկություն է ստացել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Lada» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 50 մետր):
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Կապանի բժշկական կենտրոն:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: