Պաշտոնական

Միջազգային գործընկերներն աջակցություն են հայտնել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացմանը

3 րոպեի ընթերցում

Միջազգային գործընկերներն աջակցություն են հայտնել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել և միջազգային գործընկերներին է ներկայացրել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իր համակարգման ներքո գտնվող Ռազմավարական հաղորդակցության և Մասնակցային կառավարման ուղղությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալեյոն, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը, ՄԱԿ Զարգացման ծրագրի ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Վերներ Թութը, Զարգացման ֆրանսիական գործակալության հայաստանյան ծրագրի պատասխանատու Լիզ Էնեզյանը և միջազգային այլ գործընկերներ:

«Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ գործադիրի նպատակն է նոր ազդակ հաղորդել Հանրային կառավարման բարեփոխումներին, որոնք իրականացվում են նաև միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությամբ: Արայիկ Հարությունյանը նշել է, որ վեր են հանվել ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման ոլորտներում առկա բացթողումները, խնդիրները. առաջիկա քայլերն ուղղված են լինելու դրանց լուծումների հստակեցմանը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն առանձնակի կարևորել է պետական կառավարման համակարգի տեղեկատվական միասնական քաղաքականության մշակումն ու իրականացվող բարեփոխումների հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և միջազգային մյուս գործընկերներն իրենց աջակցությունն են հայտնել Հանրային կառավարման բարեփոխումների, այդ թվում՝ ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Անդրեա Վիկտորինն ընդգծել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է սերտ փոխգործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ ի նպաստ պետական կառավարման արդյունավետության, հանրային հաղորդակցության մակարդակի բարձրացման և վերը նշված ուղղություններով առկա խնդիրների լուծման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում