Տնտեսություն

Տաթևում կանցկացվի «Սարերում» զբոսաշրջային փառատոնը

3 րոպեի ընթերցում

Տաթևում կանցկացվի «Սարերում» զբոսաշրջային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաթևում հունիսի 24-ին և 25-ին կկայանա Սյունիքի պատմության և լեգենդների մասին պատմող «Սարերում» զբոսաշրջային փառատոնը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված «Տաթևի Վերածնունդ» հիմնադրամի նախագծերի ղեկավար Անի Դավթյանը նշեց, որ միջոցառման ծրագիրը ներառում է ներկայացումներ Սյունիքի մարզի նշանակալի իրադարձությունների և ականավոր գործիչների մասին։

«Նպատակն այն է, որ բեմադրությունների միջոցով ներկայացվեն Սյունիքի նշանակալի պատմական դեպքերը: Փառատոնը բաղկացած է լինելու երկու հատվածից: Մեկը նվիրված է լինելու պատմական իրադարձություններին, որոնք ներկայացվելու են ինտերակտիվ բեմադրությամբ: Բացի այդ, տեղի դերասանները կբեմադրեն Օրբելյան ազնվական ընտանիքի հետ միջնադարյան ճաշկերույթի թատերական վերարտադրությունը: Մյուս բաժինը ճանաչողական շրջայցերն են»,-ասաց Անի Դավթյանը:

Փառատոնի երկու օրերի ընթացքում այցելուները Տաթևի վանքի մոտ կկարողանան մասնակցել Սյունիքի պատմական կարևոր իրադարձությունների մասին ներկայացումներին, ինչպես նաև տեսնել 17-րդ դարի վերականգնված կյանքը Հին Հալիձոր գյուղում: Հանդիսատեսը կկարողանա մասնակցել նաև ազգային խաղերին և պարերին։

photo3.jpg (1.50 MB)

«ՏաԹևեր» ճոպանուղու Հալիձոր կայանի մոտ կկազմակերպվի տոնավաճառ, որտեղ տեղացի արհեստավորները կցուցադրեն տարածաշրջանի համար ավանդական արհեստները և այցելուների համար կանցկացվեն վարպետության դասեր։ Երաժշտական ծրագրի շրջանակներում ելույթ կունենա «Միքայել Ոսկանյան և Թառափ տրիո» խումբը։

photo2.jpg (958 KB)

Փառատոնի տարածքում կգործեն սննդի գոտի, զվարճանքի և խաղերի լայն ընտրությամբ մանկական տարածք: Այցելուներին հասանելի կլինեն նաև շրջայցեր դեպի Տաթևի տարածաշրջանի տեսարժան վայրեր:

«Այս միջոցառումն առաջին անգամ է անցկացվում, Հայաստանում այդպիսի փառատոն տեղի չի ունեցել: Շեշտը դրվում է ինտերակտիվ ներկայացումների վրա, որը հնարավորություն կտա մաս կազմել իրականացվող միջոցառումներին: Շատ կարևոր են մարզերում նման զբոսաշրջային փառատոններ անցկացնելը: Այն յուրահատուկ գործիք է զբոսաշրջային հոսքը, այս դեպքում, Սյունիքի մարզ ուղղորդելու համար»,-ասաց Անի Դավթյանը:

Նրա խոսքով, այցելության առումով ակնկալիքները մեծ են: Դեռ տարվա սկզբին աշխատանք է տարվում զբոսաշրջային կազմակերպությունների հետ, հետաքրքրությունը շատ մեծ է, իրենք նույնպես ցանկանում են մարզային այցերում նոր շեշտադրումներ ավելացնել:

Փառատոնի մուտքն անվճար է։

main.jpg (217 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում