Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նորաբաց «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոն
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հանրապետության նախագահը շրջայց է կատարել և ծանոթացել նորաբաց կենտրոնի կողմից մատուցվող առողջապահական ծառայություններին, ընդհանուր շենքային պայմաններին և արդիական ու ժամանակակից ստանդարտներին համահունչ բժշկական սպասարկմանը:
Ըստ աղբյուրի՝ «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը ամբողջությամբ կառուցվել է մասնավոր նախաձեռնությամբ՝ Հայաստանի և արտասահմանի մեր հայրենակիցների և օտարերկրյա ներդրողների աջակցությամբ:
Կենտրոնը հնարավորություն ունի առողջապահական ծառայություններ մատուցել Հայաստանի ազգաբնակչության շուրջ 65 տոկոսին, հագեցված է ժամանակակից բժշկական սարքավորումներով և համապատասխանում է առողջապահական ծառայությունների մատուցման միջազգային ամենաբարձր ստանդարտներին: