Տնտեսություն

Մեկնարկել է Մաքսային վարչարարության զարգացման 2-րդ ծրագիրը

3 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Մաքսային վարչարարության զարգացման 2-րդ ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի մայիսի 16-ին տեղի է ունեցած պաշտոնական մեկնարկի արարողությունը մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին ակտիվ համագործակցության համար, կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ ծրագրի երկրորդ փուլում ևս կարձանագրվեն նշանակալի ձեռքբերումներ և հաջողություններ:

«Միջազգային կառույցների ներկայացուցիչների գնահատմամբ՝ մաքսային վարչարարության զարգացման ծրագրի առաջին փուլի նշանակալի արդյունքներով ազդարարվում է բարեփոխումների երկրորդ փուլը:

Ստորագրվել է «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի շրջանակում փոխգործակցության հուշագիր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Մաքսային վարչարարության զարգացման 2-րդ ծրագրի շրջանակում նախատեսվում է ցուցաբերել աջակցություն մաքսային վարչարարության առաջիկա 5 տարիների ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակմանը, ՊԵԿ հետբացթողումային հսկողության ուժեղացման և բիզնես-գործառույթների վերանայման գործընթացին, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների շրջանում հարցումների իրականացմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև մաքսային ծառայողների համար անցկացնել ուսումնական դասընթացներ, աջակցել մաքսային ծառայության վարքագծի կանոնների և աշխատանքի գնահատման նոր համակարգի մշակմանը, ինչպես նաև վարքագծային վերլուծության արդյունքում մաքսային ծառայությունների ու սպասարկման որակի բարձրացմանը և այլ ուղղություներին:

Նշվում է, որ ծրագրի հիմնական արդյունքներն ուղղված կլինեն մաքսային գործընթացների բարելավմանը, ՊԵԿ կառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, մաքսային վարչարարության նկատմամբ բիզնեսի վերաբերմունքի գնահատմանը:

«Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագիրն ավարտվելու է 2025 թ. մարտին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում