ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 14-ին, ժամը 15:38-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Ակնալիճ գյուղի գերեզմանատան մոտակայքում, այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Ն. Ս.-ն (ծնված 1995 թ.) և ուղևոր Ա. Ս.-ն (ծնված 1996 թ.) տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:55-ին, մարվել՝ 16։03-ին։ Ավտոմեքենան այրվել է: