Նուրբ ապրումների տեր բանաստեղծն ու հզոր քաղաքացին. ընթերցողի սեղանին է դրվել «Ոչ մի շաբաթ առանց Տերյանի» ժողովածուն

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետաքրքիր հուշեր, սիրված ու անհայտ բանաստեղծություններ, հոդվածներ, օրագրային գրառումներ, բացառիկ լուսանկարներ, որոնք կօգնեն խորհել Տերյանի հետ յուրաքանչյուր օր ու շաբաթ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զանգակ» հրատարակչությունն ընթերցողին է ներկայացրել «Ոչ մի շաբաթ առանց Տերյանի» ժողովածուն։ Գիրքը համալրում է հրատարակչության «Ոչ մի շա­բաթ ա­ռանց գրա­կա­նու­թյան» շարքը և այս ձևաչափով լույս տեսած գրքերից յոթերորդն է։

«Ես փորձել եմ Տերյանին ներկայացնել հնարավորինս ընդգրկուն և բազմազան՝ նամակներով, բանաստեղծություններում, հուշերում, որպեսզի յուրաքանչյուր ընթերցող կարողանա գտնել իր Տերյանին և բացահայտել սիրելի բանաստեղծի անհուն խորությունը։ Սա, իհարկե, գիտական ուսումնասիրություն չէ, բայց նշված են աղբյուրները, և ընթերցողը կարող է փնտրել, գտնել, ճանաչել Տերյանին»,- նշում է գրքի կազմող և խմբագիր Հայկ Համբարձումյանը։

Բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունները գրքում ներկայացված են տարվա շաբաթներին համապատասխան 52 անդրադարձ-դրվագներով։ Սիրված ու անհայտ բանաստեղծություններից զատ ընտրանիում տեղ են գտել նաև գրողի նամակները, թարգամանությունները, բացառիկ լուսանկարներ ու դրվագներ նրա կյանքից, որոնք բացահայտում են Տերյանին, որպես հայրենասեր ու հզոր քաղաքացի։

««Զանգակ» հրատարակչության և Հայկի այս նախաձեռնությունն ուղղակի փառահեղ գաղափար է, քանի որ մենք դասագրքերից դուրս չենք ճանաչում մեր գրողներին։ «Ոչ մի շաբաթ առանց գրականության» շարքի ընտրանիները և հատկապես Տերյանին նվիրված այս ժողովածուն պատկերացում փոխող են և ընդարձակված կամ փոփոխված պատկերացումներ են տալիս մեր գրողների մասին։ Այլ տեսանկյունից բացահայտվել են Եղիշե Չարենցի, Հովհաննես Թումանյանի, Հրանտ Մաթևոսյանի կերպարները, հիմա էլ Տերյանին ենք նորովի բացահայտում։ Այս դեպքում առավել քան նկատելի է դա։ Եթե Տերյանի կերպարը բացահայտված լիներ, չէր լինի կարծրատիպը տերյանական աշունների ու տխրությունների մասին, չէին լինի պարզունակ պատկերացումները տերյանական հայրենասիրության և սիրերգության մասին։ Շատ հաճելի է, որ այս ընտրանին գալիս է այդ օրինաչափությունները ցրելու, որովհետև և՛ ընտրված լուսանկարները, և՛ տեքստերը բացահայտում են բոլորովին ուրիշ Տերյանի, մարդու, որը ոչ միայն նուրբ ապրումների տեր բանաստեղծ էր, այլև հզոր քաղաքացի, որի նման գործիչներ մենք շատ քիչ ենք ունեցել։ Եթե շարքի նախորդ գրքերն օրացույցային ուղղվածություն ունեին, այս ընտրանին արդեն մենագրության է մոտենում կամ կենսագրավեպի»,- նշում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։

Շարքի առաջին գրքերը ունեին օրացուցային կառուցվածք և կարող էին դառնալ յուրօրինակ նոթատետրեր։ Ընթերցողի համար թողնված էին ազատ էջեր ու տողեր, որտեղ նա կարող էր գրել իր սիրած տողերը, նշումներ անել: Մատենաշարի վերջին գրքերում ազատ էջերը գնալով նվազում են, իսկ Տերյանին նվիրված ժողովածուում արդեն բացակայում են։

«Մեզ համար կարևոր էր, որ ընթերցողն ապրի գրականության մեջ, ամեն օր պոեզիա կամ արձակ լինի իր կյանքում, դրա համար մտածել էինք ընտրանի-նոթատետր ձևաչափը։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ ընթերցողները չեն ուզում նշումներ անել գրքում և ընտրանիները այդպես էլ նոթատետր չդարձան։ Աստիճանաբար բաց էջերը նահանջեցին՝ իրենց տեղը զիջելով բանաստեղծությունների, ուսումնասիրությունների և այլն։ «Ոչ մի շաբաթ առանց Տերյանի» ժողովածուի շապիկի վրա որպես հիշողություն թողել ենք նոթատետր-ընտրանի գրվածքը, բայցևայնպես, հաջորդիվ արդեն նոթատետր բառն էլ դուրս կգա և կմնա ընտրանին, բայց ոչ թե բանաստեղծությունների կամ երկերի ընտրանի, այլ, այսպես ասած, հեղինակի կյանքի դրվագների ընտրանի»,-պատմում է Հայկ Համբարձումյանը։

«Զանգակ» հրատարակչության «Ոչ մի շա­բաթ ա­ռանց գրականու­թյան» շարքը շարունակական կլինի։ Հաջորդիվ ընթերցողի սեղանին կդրվի Ավետիք Իսահակյանին նվիրված ընտրանին։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան