Քաղաքականություն

Մարիա Զախարովան անդրադարձել է ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին

1 րոպեի ընթերցում

Մարիա Զախարովան անդրադարձել է ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, հետևաբար, Մոսկվան չի կարող մեկնաբանություններ անել այդ գործընթացի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Դիվանագետը նշել է, որ երբ բանակցությունների մասնակիցները համապատասխան հայտարարություններով հանդես գան, յուրաքանչյուր կողմն արտահայտվի, ապա հնարավոր կլինի կարծիք ձևավորել և մեկնաբանություն անել:

Զախարովան ևս մեկ անգամ շեշտել է եռակողմ համաձայնագրերի իրականացման կարևորությունը:

«Մենք առաջվա պես հանձնառու ենք 2020-2022 թթ.-ի ընթացքում ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կյանքի կոչմանը»,-ասել է Զախարովան:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի տարածքում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հեռանկարին, ապա Զախարովան նշել է, որ ինչպես նախորդ ճեպազրույցում հայտարարվել էր, Երևանն ու Բաքուն պատրաստակամություն են հայտնել նման հանդիպման:

«Ժամկետների մասին կհայտնենք ավելի ուշ»,-եզրափակել է Զախարովան:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում