ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 26-ին, ժամը 17։58-ին ահազանգ է ստացել, որ Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, որին հաջորդել է պայթյուն․ կա տուժած։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Փոքր Մանթաշ գյուղի 6-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկում տեղի է ունեցել 20 կգ-անոց գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են տան ամառային խոհանոցի պատերը՝ մոտ 30-35 քմ․ առկա է խոհանոցի տանիքի փլուզման վտանգ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Լ․ Հ․-ն (ծնված 1950 թ․) տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ։
Նշվում է, որ փրկարարները իրականացնում են խոհանոցի տանիքի ամրացման աշխատանքներ։