Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել մասնակցային կառավարման թեմայով խորհրդակցություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 21-ին Կառավարությունում տեղի է ունեցել «Մասնակցային կառավարում» թեմայով խորհրդակցություն, որին մասնակցել են պետական և հասարակական հատվածների ներկայացուցիչներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հանդիպման մասնակիցները քննարկել են հանրային կառավարման ոլորտում քաղաքացիական մասնակցության հնարավորություններին և խնդիրներին վերաբերող հարցեր:
Ըստ աղբյուրի՝ մտքերի փոխանակության շրջանակում դիտարկումներ և առաջարկություններ են ներկայացվել քաղաքականության մշակման, իրականացման և մոնիթորինգի գործընթացներում հանրային մասնակցության արդյունավետ գործիքակազմ մշակելու, Հայաստանում մասնակցային իրավական կարգավորումների և գործնական դրսևորումների բարելավման վերաբերյալ:
Նշվում է, որ որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ և պարբերական հանդիպումներ կազմակերպել ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ արդյունավետ քայլեր մշակելու և իրականացնելու համար: