Մշակույթ

Կեցցես, դու կարգին գուսան ես…

8 րոպեի ընթերցում

Կեցցես, դու կարգին գուսան ես…

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ասեմ, որ ես նոտա չգիտեմ, երաժշտական ոչ մի կրթություն չունեմ, երաժշտական ոչ մի գործիք նվագել չգիտեմ: Շինարար-ինժեներ եմ եղել, երկար տարիներ աշխատել եմ իմ մասնագիտությամբ, բայց այդպես էլ չդարձա շինարար: Աշխատել եմ մաքսային դաշտում, բայց մաքսավոր էլ չդարձա… Ես գտա իմ աշխարհը՝ երգի աշխարհը… Ինչպես եմ գրում իմ երգե՞րը՝ մտքո՛վ: Շատ եմ տանջվում, բայց ոչ մեկին չեմ խնդրում նոտաներով գրել. երգում եմ, ձայնագրում եւ կյանքի կոչում…»:

Գուսան ՀԱՅԿԱԶՈՒՆ

Զարմանալի իրողություն՝ աշուղները, գուսանները սովորաբար իրենց երգը «մարդամեջ են հանում» սեփական նվագարանից անբաժան ու այն միշտ ձեռքներին՝ կատարելապես տիրապետում են իրենց սազին, թառին, քամանչային կամ երաժշտական որեւէ այլ գործիքի: Իսկ ահա մեր ժամանակների հանրահայտ ու լավագույն գուսաններից մեկը ոչ նման գործիք ունի, ոչ էլ երաժշտական գոնե տարրական կրթություն, մինչդեռ նրա երգերը շուրթից շուրթ թեւածում են ոչ միայն հայրենիքում, այլեւ երկրից երկիր, մայրցամաքից մայրցամաք, որտեղ դառը ճակատագրի բերումով հանգրվանել եւ սերունդներ են տվել հայրենաբաղձ մեր հայրենակիցները: Եվ երգում են բոլորը՝ մանուկ թե դպրոցական, երիտասարդ թե հասակն առած մարդիկ: Երգում են առանձին կամ խմբովի, պատեհ առիթներով, թե անառիթ: Իսկ ո՞րն է Գուսան Հայկազունի երգերի նման տարածվածության, հոգեհարազատության եւ սիրված լինելու գաղտնիքը: Ըստ իս՝ դա առաջնահերթորեն պայմանավորված է գուսանի երգարվեստում մշտապես տրոփուն ազգային անընկճելի, ոգեշնչող ու առողջ ոգով, պաշտամունքի հասնող հայրենասիրությամբ ու հայերգությամբ: Զորեղ մի ջիղ, որը չի թուլանում հարափոփոխ հասարակարգերի ու անողորմ ժամանակների հոլովույթում…

Արտաշատում է ծնվել սիրված գուսանը՝ Գագիկ Նազարյան անուն, ազգանունով: Արմատները Պարսկահայքի Խոյ գավառի Բայանդուզ գյուղից են: Հորը կորցրել է վաղ հասակում, որից որպես մասունք մնացած որսորդական հրացանն իրեն ուղեկցելու էր ողջ կյանքում: Հայկազուն անունն ընտրել է արյան կանչի թելադրանքով՝ Հայկ Նահապետի ժառանգն է ու Վահագնապաշտ: 1988-ին, երբ Հայաստանով մեկ պոռթկաց ու տարածվեց Արցախյան հուժկու շարժումը, գուսանն առաջիններից էր, որ անդամագրվեց ծննդավայրի երկրապահ ջոկատին՝ հրամանատարությամբ Լաերտ Սաղաթելյանի: «Այդ տարիներին թրծվեցինք հոգով ու կամքով: Շատերը մնացին տաքուկ անկյուններում, իրենց կանանց «փեշերի տակ», փափուկ աթոռներին նստած՝ հեռուստացույցով դիտեցին ու լսեցին լուրերը կռվի դաշտից, իսկ լավագույն տղաներն իրենց կյանքով պահեցին մեր սահմանները…»,- զրույցներից մեկում վերհիշում է գուսանը: Իսկ ինքը մասնակցեց Երասխավանի մարտական գործողություններին, ապա եղավ Գետաշենում, Կապանում, Գորիսում, Բերձորում: Հայ երգի համար բարեբախտություն էր, որ ջոկատի խելամիտ ու հեռատես հրամանատարը հերթական անգամ Գետաշեն մեկնելու պատրաստ ուղղաթիռից իջեցրեց Հայկազունին՝ հորդորելով մնալ եւ երգ գրել նաեւ Գետաշենի մասին: Իհարկե, գրվեց ու արագությամբ համաժողովրդական ընդունելության արժանացավ այդ երգը: Մարդիկ երգում էին՝ համոզված, որ «Գետաշենը» հին հայկական երգ է, որը երգել են իրենց պապերն ու նրանցից էլ առաջ: Իսկ մինչ հնչեղ այս ստեղծագործության հայտնությունը, շարժման օրերին ամենօրյա բազմահազարանոց խռովահույզ հանրահավաքների ժամանակ անընդմեջ հնչում էր եւս մի երգ՝ «Հայեր, միացեք»-ը՝ որպես համազգային բռունցքումի շեփորականչ, որպես պայքարի ելածներին գոտեպնդող շունչ ու ոգի: Եվ կրկին մարդիկ չգիտեին, թե ով է սիրտ ու հոգի փոթորկող-խանդավառող այդ հզոր երգի հեղինակը: Այդպես քիչ է պատահում՝ ազգահավաքի կանչող «դրոշակակիր» երգն ստեղծողի անունը տակավին անծանոթ էր իրեն ծնած ժողովրդին…

Անցնելու էին հաղթական պատերազմի տարիները: Հայկազունը, ով արդեն տասնյակ ու տասնյակ սքանչելի երգերի հեղինակ էր՝ «Հպարտ գնացեք», «Մուսա լեռ», «Պիտի գնանք վաղ թե ուշ», «Մաղավուզի Կարոյի երգը», «Պարիր, արցախցի», «Մոնթե Մելքոնյան», «Շահեն Մեղրյան» հայրենաշունչ եւ այլ հոգեպարար ստեղծագործություններ, արտաշատյան «Հայեր, միացեք» խմբից հետո ստեղծում է «Հայկազուններ» երգի համույթը, ելույթներով հանդես գալիս հանրապետության տարբեր մարզերում, մայրաքաղաքային համերգասրահներում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում: Թե ինչպես էին ընդունում գուսանին ու նրա ղեկավարած երգչախումբը մանավանդ սփյուռքում՝ դրանցից մեկի մասին է Հայկազունի խոսքը. «Հալեպում էինք, երբ Սիրիայում արդեն ցնցումներ էին սկսվել, ճանապարհները վտանգավոր էին: Տասնհինգ օր համերգ էինք տվել, ծրագրված էր հանդես գալ նաեւ Կամիշլիում եւ Դամասկոսում, բայց վտանգ կար, եւ չգնացինք այդ քաղաքները: Պիտի հանգստանայինք, զբոսնեինք քաղաքում եւ վերադառնայինք Հայաստան: «Համազգայինի» ղեկավար ընկեր Արտոն ասաց. «Լավ կլինի, որ դահլիճում հավաքվեն բոլոր դպրոցներից, ու մի լավ համերգ եւս տանք» (մենք մինչեւ այդ հայկական բոլոր դպրոցներում եղել էինք): Այդպես էլ արեցինք. դա իսկապես արտառոց, հիշարժան դեպք էր, որովհետեւ երգում էին շուրջ 100 հոգի, եւ մեր խումբը բարձրախոսները զիջեց երեխաներին, որոնք խմբերով բեմ ելան… Բառերով դժվարանում եմ նկարագրել այդ ցնծությունը, հայկական այդ ոգին, որը պատել էր բոլորին…»:

Գուսան Հայկազունի երգացանկում հարյուրից ավելի երգեր են, որոնցից շատերը ծնվել են Արցախյան առաջին պատերազմի օրերին՝ խրամատներում ու մարտական դիրքերում: Այդ երգերով ոգեշնչված հայ քաջազունները նետվել են ի մարտ: Երգել են այդ երգերն ու մարտնչել: Դրանք «կռված» երգեր են, որ շարունակում են հնչել հայ զինվորի շուրթերից որպես քայլերգեր: Եվ դեռ երկար պիտի հնչեն, ինչպես «Հայեր, միացեք»-ը, որն այսօր նույնքան ժամանակահունչ է, որքան Արցախյան համազգային շարժման օրերին ու պատերազմական տարիներին:

Ի դեպ, այս երգին առնչվող գեղեցիկ մի հանդիպման մասին պատեհ առիթներով հաճախ է հիշում վաստակաշատ գուսանը. «Կարծեմ 1989-ին էր, երբ կամավորական ընկերներիս հետ Գորիսի զբոսայգիներից մեկում պատահաբար հանդիպեցինք գուսան Աշոտին: Նա ինձ չէր ճանաչում: Երբ ներկայացա՝ ասելով, որ ես եմ «Հայեր, միացեք»-ի հեղինակը՝ ժպիտը փայլեց դեմքին. «Կեցցես, դու կարգին գուսան ես», ասաց անթաքույց ուրախությամբ: Սյունյաց մեծանուն երգչի նման գնահատականը ոգեւորիչ էր ու պարտավորեցնող…»:

Ապրիլի 20-ը Գուսան Հայկազունի ծննդյան օրն է, ծնունդ, որ օրհնյալ էր լինելու եւ ինքը՝ սիրված, ինչպես իր հոգեզավակ-երգերը՝ շուրթից շուրթ անցնող, հոգեմոտ ու հարազատ… Շնորհավորենք սիրված գուսանին՝ նոր երգերի սպասումով…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Մշակույթ

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Մշակույթ

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

Մշակույթ

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ համերգ` Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ համերգ` Գոհար Գասպարյանի 100-ամյակին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում