Հասարակական

Գնացքի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 3 մարդ  

2 րոպեի ընթերցում

Գնացքի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 3 մարդ  

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) Գյումրի-Երևան երթուղով երթևեկող էլեկտրագնացքը ապրիլի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, բախվել է երկաթուղային գծերը չպարզված կարգով հատող FAW մակնիշի բեռնատարին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից, բախման հետևանքով տուժել են բեռնատարի վարորդը և ուղևորը, ինչպես նաև ՀԿԵ-ի ուղևորը:

«Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում տեղի ունեցած բախման հետևանքով էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից և զգալի վնաս է հասցվել ընկերությանը, որի չափը դեռ պետք է գնահատվի։ Երթևեկությունը դադարեցվել է մի քանի ժամով, ինչը հանգեցրել է գնացքների երթևեկության ժամանակացույցի խախտման»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ քննչական մարմինները քրեական վարույթ են հարուցել ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայցում է ընկերության վերահսկողությունից անկախ պատահարի հետևանքով տուժած ուղևորների ներողամտությունը։ Ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է ավտոտրանսպորտի վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերով անցնելիս՝ քաղաքացիների կյանքը, առողջությունը և գույքը պահպանելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում