Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

3 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 10-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել կարևոր առաքելության իրականացման ընթացքում:

Զրուցակցիներն անդրադարձել են հայ-հնդկական բազմաշերտ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակել երկկողմ հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու ուղիների շուրջ: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսության աճող դինամիկան, ինչին նպաստել են ինչպես երկկողմ բարձրաստիճան այցերը, այնպես էլ միջազգային հարթակներում ակտիվ և արդյունավետ փոխգործակցությունը:

Նախարար Միրզոյանը և դեսպան Սահա Սինհան նշել են Հայաստանի և Հնդկաստանի միջև տարբեր, այդ թվում՝ առևտրատնտեսական ու գործարար կապերի, գիտակրթական ոլորտներում առկա ներուժն առավելագույնս իրացնելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման պատրաստակամությունը՝ ի շահ երկու երկրների քաղաքացիների: Այս համատեքստում ընդգծվել է, որ երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամական կապերը ևս պարարտ հող են ստեղծում միջպետական գործընկերության հետագա զարգացման համար:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների: Նախարար Միրզոյանը նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի տեսլականը՝ արժևորելով Հնդկաստանի կողմից հնչեցված դիրքորոշումը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական մարտահրավերներին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման, միջանցքի արգելափակումն առանց նախապայմանների վերացնելու և արցախահայությանն էթնիկ զտման ենթարկելուն ուղղված Բաքվի գործողությունների կանխման հրամայականը: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանում կայունության հարցում շահագրգռված գործընկերների և միջազգային կառույցների գործուն քայլերի կարևորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում