ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն
Վահան Տերյան, «Մեղմություն»
Վահան Տերյանի սիրային բանաստեղծությունների «Մեղմություն» ժողովածուն ներկայացնում է գրողի ստեղծագործական ուղու զարգացումները, անձնական ապրումները և հույզերի բյուրեղությունը, պատկերավորման լայն գունապնակը: Քսաներորդ դարասկզբի մտածողության ամբողջ հոսքը կարելի է տեսնել նրա բանաստեղծություններում:
Մարդու ձգտումների, երազանքների, հուսախաբությունների արտահայտությունն է Տերյանի ուրբանիստական քնարերգությունը, որտեղ բառերը թափանցիկ են, երաժշտական և շլացնում են ընթերցողին գույներով ու ձայներով: Նա թողեց բանաստեղծական նոր մշակույթ, տեխնիկա, դպրոց և հետևորդներ, որոնցից ամենանշանավորը, իհարկե, Չարենցն էր: «Տերյանը իր հայտնությամբ գլխավորեց մեր լիրիկան»,- գրել է Ավետիք Իսահակյանը: Կազմող՝ Արմեն Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը:
Թարգմանական գրականություն
Գի դը Մոպասան, «Սիրելի բարեկամ»
«Սիրելի բարեկամ» վեպը կարիերիստի պատմություն է: Արկածախնդիր ու խորամանկ Ժորժ Դյուռուան երազում է փայլուն կարիերայի և բարձր հասարակության սանդուղքներով անընդհատ վեր բարձրանալու մասին, թեպետ չունի առանձնահատուկ տաղանդ ու շնորհներ: Սակայն անհատական հմայքը, որով կարողանում է գրավել բարձրաշխարհիկ կանանց սրտերը, ինչպես նաև հանգիստ խղճով ցանկացած ստորության դիմելը, պարզվում է, բավական է մեծ հաջողությունների հասնելու համար... Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Փաստավավերագրական գրականություն
Սամվել Ֆարմանյան, «Միայնակ ընդդեմ ճակատագրի»
Ինչո՞ւ եւ ինչպե՞ս սկիզբ առավ հայ-թուրքական գործընթացը։ Ի՞նչ ընտրության առաջ էր կանգնած Հայաստանը։ Ի՞նչ էր իրականում տեղի ունենում Նյու Յորքում, Դավոսում, Մյունխենում, Պրահայում, Ստամբուլում, Ցյուրիխում եւ Բուրսայում։
Սամվել Ֆարմանյանն ականատեսի վկայություններով ներկայացնում է ֆուտբոլային դիվանագիտության ամբողջ ընթացքը։ Առաջին անգամ գաղտնազերծվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցությունները, որոնք 2008-2010 թթ. վարել է Թուրքիայի նախագահ Գյուլի, վարչապետ Էրդողանի, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի, ԱՄՆ նախագահ Օբամայի, պետքարտուղար Քլինթոնի եւ այլ պաշտոնյաների հետ։ Ներկայացվում է կարգավորման նախապատմությունը, աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի իրական քարտեզը, ներգրավված կողմերի իրարամերժ նպատակները, ինտրիգային հետնաբեմն ու որոշումների տրամաբանությունը։
Հուշագրությունը կօգնի հասկանալ հայ-թուրքական ու արցախյան հիմնախնդիրները, բացահայտել տարածաշրջանային իրողությունների պատճառահետեւանքային կապերը՝ հասնելով մեր օրեր։ Գիրքը կհետաքրքրի պատմաբաններին, պետական, քաղաքական, հասարակական գործիչներին, դիվանագետներին, լրագրողներին, վերլուծաբաններին ու հետաքրքրասեր ընթերցողներին։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը