Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը․ շնորհանդես Հայաստանում Սիրիայի դեսպանատանը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ, նկարիչ Էդվարդ Միլիտոնյանը շուրջ հարյուր գրքերի հեղինակ է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով: Եվ ահա հերթականը՝ «Բառերի արեւելքը» ժողովածուն՝ արաբերենով: Այն լույս է տեսել Դամասկոսում՝ ՀԳՄ հրտարակչությամբ: Այդ առիթով գեղեցիկ ու ինքնատիպ միջոցառում էր նախաձեռնել Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատունը: Հոգեհարազատ ու գեղեցիկ էր եւ այն, որ միջոցառման հյուրերին, որպես հարազատների, անձամբ ու ջերմորեն դիմավորում էր դեսպանն ինքը՝ մեր հայրենակցուհի տիկին Նորա Արիսյանը:

Ողջունելով ներկաներին, դեսպանն անդրադարձավ Էդվարդ Միլիտոնյանի գրական վաստակին, կենսագրությանը, թարգմանական գրականության դերին ու նշանակությանը՝ ի շահ տարբեր ժողովուրդների բարեկամության ու դրանց սերտացման: Ապա կարեւորեց «Բառերի արեւելքը».

-Փորձեմ կարճ խոսքով արժեւորել սույն ժողովածուն: Գիրքն ամբողջությամբ բանաստեղծի՝ Սիրիա բազմիցս այցելություններից ստացած տպավորությունների արդյունք է: Հուզիչ են, խոր ու պատկերավոր «Ուխտագնացություն դեպի Դեր Զոր», «Եփրատ», «Պալմիրա-2015», «Ուխտագնացություն Հալեպ», այս շարքի տասնյակ այլ բանաստեղծություններ, որոնցում պատկերվում են ջարդերի, կոտորածների ու մահվան տեսարանները Եփրատի ջրերում, նրա ափերին, մերձակա տարածքներում ու մահվան անապատներում:

Ապա արաբերենով հատվածներ կարդաց նորընծա գրքից՝ ավելացնելով.

-Շնորհակալ եմ բանաստեղծին նաեւ այն բանի համար, որ իր ստեղծագործություններում իսկական բարեկամի սիրով ու ջերմությամբ անդրադարձել է նաեւ Սիրիային, նրա ժողովրդին՝ հարազատի ջերմությամբ:

Այնուհետեւ խոսք ասաց Էդվարդ Միլիտոնյանը. շնորհակալություն հայտնելով Դամասկոսում հրատարակված գրքի համար, նա երախտագիտությամբ նշեց թարգմանչի եւ հրատարակման գործը ձեռնարկած Տիգրան Գաբոյանի կատարած նվիրական աշխատանքը: Այնուհետեւ մենաբանեց, թե որտեղից է գալիս իր սերը Սիրիայի, արաբական աշխարհի այլ երկրների ու ժողովուրդների հանդեպ.

-Դա գալիս է իմ մանկությունից: Ես ծնվել եմ Սարի թաղում, որտեղ հիմնականում հայրենադարձներ էին Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Հունաստանից: Մեր փողոցում մշտապես կարող էիր լսել արաբական երաժշտություն, իսկ տարեցները առավելապես արաբերեն էին խոսում: Երազում էի լինել արեւելքի՝ նրանց ապրած երկրներում, այդ երկրներն ինձ կանչում էին, ես էլ՝ իրենց: Բայց քանի որ նրանք չեկան՝ ինքս գնացի: Առաջին անգամ Սիրիա այցելեցի 1983-ին, եղա Պալմիրայում, Աբու-Ալ-Ալմահարու թանգարանում, այցելեցի նրա գերեզմանին: Ու երբ վերադարձա, սկսեցի նկարել Պալմիրայի չքնաղ տեսարանները, գրվեցին բազմաթիվ բանաստեղծություններ: Այդուհետ Սիրիան ինձ կանչեց եւս հինգ-վեց անգամ: Այնտեղ եղել եմ նաեւ մեծանուն Օհան Դուրյանի հետ՝ համերգների առիթով, գրական հանդիպումների նպատակով: Եղել եմ Եգիպտոսում, արաբական այլ երկրներում… Այնպես որ, «Բառերի արեւելքը» գիրքս պատահական չի ստեղծվել: Այն թելադրել են արեւելքի ժողովուրդների հանդեպ իմ խորին հարգանքը, մեր ժողովուրդների իրար այնքան նման ճակատագրերը…

Իր ելույթում գրքի թարգմանիչ Տիգրան Գաբոյանը ընդգծեց, որ այն հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության «Հայ գիրքը՝ օտար լեզուներով» ծրագրի շրջանակներում: Եղել են նաեւ հովանավոր-աջակիցներ: Խոսելով Սիրիայի մասին, նա շեշտեց.

-Ինքս Սիրիայից եմ, ինձ հոգեհարազատ էր գրքի թարգմանությունը, հատկապես հայոց ցեղասպանությանն ու այս երկրին վերաբերող գործերը: Ես Սիրիայի մասին հենց այնպես չեմ խոսում՝ այն հայրենիք է բոլորի համար, հատկապես՝ հայերիս: Թուրքերը որոշել էին հայությանը թաղել սիրիական անապատներում, բայց նրանք այստեղ հակառակն արին: Էդվարդ Միլիտոնյանը այս ամենը հրաշալի է ներկայացնում իր այս գրքում:

ՀԳՄ հրատարակչության տնօրենը՝ բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը, շնորհավորելով գրչընկերոջը, նշեց, որ իրենք էլ անմասն չեն մնացել գրքի ստեղծման գործում: Արդյունքում՝ «ուրախ եմ բանաստեղծությունների այս փնջի համար, որի բանաստեղծական աշխարհը տոգորված է արեւելյան բառերի լույսով…»: Իսկ արմատներով սիրիացի բանաստեղծ Հակոբ Հարությունը խոսեց գորովանքով. «Այս պահին գտնվում եմ իմ ծննդավայր Սիրիայի տարածքում: Սա իմ առաջին ուրախությունն է: Երկրորդը՝ գրքի ծնունդն է՝ սքանչելի վերնագրով՝ «Բառերի արեւելքը»: Այս երկու բառի մեջ լույս կա, արեւ կա ու ջերմություն: Շնորհավորում եմ հեղինակին, ով իր մեջ սինթեզում է արեւմուտքն ու արեւելքը…»:

Միջոցառման ավարտին դեսպան Նորա Արիսյանը Էդվարդ Միլիտոնյանին հանձնեց դեսպանատան պատվոգիրը՝ հայ-սիրիական գրական կապերի ամրապնդման գործին անմնացորդ նվիրումի համար:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն