ՃՏՊ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին. կան տուժածներ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 22-ին, ժամը 16:18-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ է նկատվում, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Howo» (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, արգելափակումից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: