Պաշտոնական

Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի. Գիորգի Շարվաշիձեն՝ Ալեն Սիմոնյանին

2 րոպեի ընթերցում

Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի. Գիորգի Շարվաշիձեն՝ Ալեն Սիմոնյանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 20-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը մեծապես կարեւորել է Վրաստանի հետ հարաբերությունները` հիշեցնելով, որ Հայաստանի կառավարության` 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ընդգծված է որպես առաջնահերթություն: Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել բարեկամ երկրի օրենսդիր մարմնի հետ հաստատված սերտ համագործակցությանը: Անդրադառնալով խորհրդարանների նախագահների պարբերական հանդիպումներին` Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ այդ մակարդակով հաջորդ հանդիպումը տեղի կունենա այս տարի` Հայաստանում:

Հանդիպմանը կարեւորվել է միջխորհրդարանական բարեկամական խմբերի եւ համապատասխան հանձնաժողովների սերտ համագործակցությունը:

Վրաստանի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանն իր համար հարազատ երկիր է` հիշատակելով մանկության տարիներին մի բակում ապրող վիրահայ ընկերներին: Նա ընդգծել է, որ Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր ներդնել երիտասարդության շրջանում հայ-վրացական պատմական բարեկամությունն ու հարեւանային ներուժն ամրապնդելու հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում