ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 19-ին, ժամը 00։00-ին տեղեկություն է ստացել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արագածավան գյուղի սկզբնամասում BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ․ Ջ․, ծնված 1971 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել հարակից ձորակում։
Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Է․ Ջ․-ն (ծնված 1948 թ․), Ա․ (ծնված 1968 թ․) և Հ․ (ծնված 1964 թ․) Գ․-երը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
Ա․ և Հ․ Գ․-երը հոսպիտալացվել են Արմավիրի բժշկական կենտրոն, իսկ Բ․ և Է․ Ջ․-երը՝ Թալինի ԲԿ, որտեղ Է․ Ջ․-ն մահացել է։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։