Պաշտոնական

Հայաստանի նախագահն ու Վենեսուելայի դեսպանն անդրադարձել են ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման խնդրին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահն ու Վենեսուելայի դեսպանն անդրադարձել են ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման խնդրին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խեսուս Ռաֆայել Սալաքար Վելասկեսը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին, մաղթել է հաջողություններ և արդյունավետ աշխատանք:

«Այս տարի մեզ համար նշանակալի տարի է: Մենք նշելու ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, և Ձեր նշանակումը, կարծում եմ՝ շատ խորհրդանշական է այդ առումով: Կարծում եմ՝ մենք միասին ամեն ինչ կանենք, որ մեր հարաբերություններին նոր շունչ տանք և օգտագործենք մեր երկու պետությունների, ժողովուրդների ներուժը՝ հանուն մեր երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացման»,- ասել է նախագահը:

Դեսպան Վելասկեսը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է.

«Ինձ հետ բերել եմ Վենեսուելացի Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոյի, ինչպես նաև ամբողջ Վենեսուելացի ժողովրդի ջերմ ողջույնները»:

Հանդիպմանը քննարկվել են հայ-վենեսուելական հարաբերությունների զարգացման հնարավորությունները և հեռանկարները: Հայաստանի նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանի և Վենեսուելացի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը լավ առիթ է երկկողմ փոխգործակցության զարգացման, քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացման համար:

Երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունը: Դեսպան Նեքսուս Ռաֆայել Սալաքար Վելասկեսը շեշտել է, որ Վենեսուելայում Հայաստանի Հանրապետության դեսպանի սպասվող նշանակումն իր կարևոր դերակատարությունը կունենա երկու երկրների միջև շփումների սերտացման և հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ընդհանուր իրադրությանն, ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակմանն ու տարածաշրջանային հիմնախնդիրներին: Երկուստեք շեշտվել է հակամարտությունների խաղաղ և առանց ուժի սպառնալիքի կարգավորման հրամայականը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում