Քաղաքականություն

Պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ բանակում գործել է 5-րդ շարասյուն. վարչապետ

3 րոպեի ընթերցում

Պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ բանակում գործել է 5-րդ շարասյուն. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 44-օրյա պատերազմում պարտության պատճառը՝ իր համոզմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյան այս մասին խոսեց իր ասուլիսում ՝ անդրադառնալով անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարության վերաբերյալ հարցին, թե 44-օրյա պատերազմի ժամանակ բանակի անձնակազմի և զինամթերքի միայն 50 տոկոսն է ներգրավված եղել ռազմական գործողություններում:

«ՀՀ-ն 2018-2020 թթ ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ 10 տարին միասին վերցրած: Սա ապացուցված վիճակագրություն է»,-ասաց Փաշինյանը:

ՍՈՒ-30-ները չեն օգտագործվել մի պատճառով, որ դրանք ձեռք բերված են եղել այդ պահին ոչ վաղ անցյալում, դրանք դեռևս ֆիզիկապես պատրաստ չեն եղել կիրառման: «Մեր զինանոցում եղած մնացած, ԼՂ ՊԲ զինանոցում եղած այդպիսի զենք չկա, որ չի կիրառել, չէր կարող լինել այդպիսի բան»,-ասաց վարչապետը:

Նա նշեց՝ արտահայտել է իր համաձայնությունը ընդդիմադիր գործիչների արած այն հայտարարություններին, որ պատերազմում հաղթելու հնարավորություն կար:

«Եթե բոլորի՝ ընդդիմություն, իշխանություն, գնահատականն այն է, որ այնուամենայնիվ, պատերազմը կարող էր այդ ելքը չունենալ, ի՞նչն է պատճառը, որ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որովհետև մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն: Սա իմ համոզմունքն է՝ մի շարք փաստերի վերլուծության արդյունքում: Կարծում եմ՝ առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, որքան թվացել է»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը ներկայացրեց՝ այսօրվա դրությամբ ԶՈՒ-ի 50-ից ավելի զինծառայողներ, այդ թվում ՝ բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ: Այսօր կալանքի տակ են բարձրաստիճան զինվորականներ՝ այլ հոդվածներով: «Հողեր հանձնելու մեղադրանքով մեզ մոտ բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ: Մեզ մոտ բարձրաստիճան զինվորական կա, որը մեղադրվում է Շուշիի գործով: Եվ այդ գործով, երբ դատարանը կալանավորելու որոշում կայացրեց, զարմանալի բան տեղի ունեցավ: Ես իմացա, որ ՀՀ-ից, ԼՂ-ից ամենատարբեր մարդիկ դատաիրավական համակարգին միջնորդություններ են ներկայացնում, որ այսինչ մարդկանց կալանքից ազատեն, ներողամիտ վերաբերվեն: Իմ ռեակցիան հետևյալն է՝ դուք չէիք ասո՞ւմ, որ պետք է բացահայտվի, պարզաբանվի, թե ով ինչ է արել, ինչ է տեղի ունեցել ռազմի դաշտում, թե Շուշին ո՞նց է ընկել, ո՞ վ է տվել: Բա հիմա, որ այդ նույն սրերն էիք ճոճում 2020-2021 թթ, հիմա ինչո՞ւ եք ուզում, որ այդ գործերը փակվեն, չգնան առաջ, չձերբակալվեն մարդիկ. որ ասեք՝ դավաճան վարչապետը Շուշին հանձնե՞ց: Իսկ կարո՞ղ է պարզվել, որ այդ ամենի խորքային նպատակը, պլանն իրականում դա է եղել»,-նշեց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում