Ալեն Սիմոնյանը քվեարկեց հանուն խաղաղ և հարուստ երկրի. նա բացառեց հետընտրական որևէ պրոցես

4 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը քվեարկեց հանուն խաղաղ և հարուստ երկրի. նա բացառեց հետընտրական որևէ պրոցես

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը՝ հունիսի 7-ին մասնակցելով Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։

Սիմոնյանը քվեարկեց Երևանում՝ Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցում և նշեց՝ ակնկալում է, որ իր դուստրը, որի հետ եկել էր ընտրատեղամաս, ապրելու է խաղաղ, հարուստ, բաց երկրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նա ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ արեց անել ամեն բան խաղաղ և ազատ երկրում ապրելու համար։

Անդրադառնալով պարբերաբար հրապարակվող ձայնագրություններին, որոնք վերաբերում են ընտրակաշառքներին, նա ասաց, որ ժողովուրդն ակնհայտ բացասական կարծիք ունի այդ ամենի մասին։ «Այն մարդիկ, որոնք մտադիր չէին քվեարկել, այն մարդիկ, որոնք տրամադրված էին քվեարկել այդ ուժերին, հիմա կամ զերծ են մնում, կամ շատ ակտիվ գնում են քվեարկելու»,-ասաց ԱԺ նախագահն ու հավաստիացրեց՝ իրավապահներն աշխատում են և շատ խիստ են լինելու։

Սիմոնյանը կարծում է՝ վախի զգացում կարող են ունենալ միայն այն մարդիկ, որոնք ընտրակաշառք են բաժանել։ Ըստ նրա՝ այդ ուժերը գիտեն, որ ընտրողներ չունեն, ուստի դիմում են նման քայլերի։ «Վստահ եմ, որ նրանք գիտակցում են, որ պարտվելու են և կարող են դադարել զբաղվել քաղաքականությամբ, իսկ պետությունից թալանված գումարները  վերադարձնելու են, որ չկարողանան ընտրակաշառք բաժանել։  Յոթ, ութ տարի առաջ մենք պայքարում էինք, որ իշխանությունը փող չբաժանի, հիմա պայքարում ենք, որ ընդդիմությունը գումար չբաժանի»,-շեշտեց ԱԺ նախագահն ու հավելեց՝  օրենսդրական նախաձեռնությունն էլ արդեն շրջանառության մեջ է դրված, ըստ որի՝ ընտրակաշառք բաժանելու համար 7 կամ ութ  տարին դառնալու են 10 և 9 տարի։

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ հետընտրական որևէ պրոցես չի լինի։ «Եթե ընտրություններն ազատ ու արդար են, ինչպես 2018 թվականից ի վեր՝ անկախ նրանից, թե ով է հաղթում, նման բան լինել չի կարող։ Անհնար բան է»,-նշեց նա։

Սիմոնյանը գոհ է քարոզարշավի ընթացքից։ Նա խոստովանեց, որ ամենուր շատ ջերմ ընդունելության են արժանացել, գիտակից վերաբերմունքի։ Ըստ նրա՝ մարդիկ հասկանում են, որ ընտրությունը խաղաղության և ապագայի մեջ է։ Սիմոնյանը վստահ է, որ շատ քիչ են լինելու մարդիկ, որոնք անցյալն են ընտրելու։

Նա կարծում է՝ բարձրացրել են ընտրություններին մասնակցության ակտիվությունը։ «Հանրապետության հրապարակի հանրահավաքին մի քանի անգամ հուզվել եմ, որովհետև այն էներգետիկան, մարդկանց աչքերի փայլը, որ տեսա, տեսել էի 2018-ի հեղափոխության ժամանակ։ Անհավանական էր, ֆանտաստիկ էր։ Անգամ չէինք մտածում, որ այդքան մարդ կգա»,-նշեց Ալեն Սիմոնյանն ու հույս հայտնեց, որ 2031 թվականին ևս  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն կլինի Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում