ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 12-ին, ժամը 00:33-ին ահազանգ է ստացել, որ Մրգավետ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք և կան արգելափակված քաղաքացիներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Մխչյան գյուղի Արարատյան խճուղում բախվել են «Mazda CX-5» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1987 թ.) և «Opel» (վարորդ՝ Ն․ Զ․, ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին գտնվող չգործող խանութի պատին և գազատար խողովակին՝ վնասելով այն․ առկա է գազի արտահոսք։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Գ․ Ս․-ն հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենան:
Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը: