ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի մասնակիցների ճնշող մեծամասնությունը՝ 93.7 տոկոսը, կարծում է, որ Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին համաժողովի առաջին օրվա քննարկումների արդյունքների ամփոփման ժամանակ ասաց հաշվիչ հանձնաժողովի նախագահ ամերիկահայ Արիկ Գևորգյանն, ընդգծելով, որ ամբողջ աշխարհի հայությունը պետք է միասնաբար ստանձնի Արցախի պատասխանատվությունը և չթողնի խնդիրը միայն պետության և Հայաստանի քաղաքացիների, առավելևս՝ արցախցիների ուսերին: Հայ ազգը չպետք է վախենա հաղթանակներից:
Արիկ Գևորգյանը նշեց նաև, որ մասնակիցների 31 տոկոսը քվեարկել է այն տեսակետի օգտին, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը մինչև օրս պետության, համայնքների, հայկական կազմակերպությունների և անհատների կողմից արդյունավետ են եղել, սակայն այսօր համահայկական ջանքերն ավելի շատ պետք է ուղղել անվտանգային խնդիրների լուծմանը: Եվս 31 տոկոսը գտնում է, որ դրանք ոչ այնքան արդյունավետ են եղել և անհրաժեշտ են շտկումներ:
«Իսկ մասնակիցների 62 տոկոսը քվեարկել է այն կարծիքի օգտին, որ մեր պատմամշակութային ժառանգությունը պահպանելը և հաջորդ սերունդների փոխանցելը մեր պարտքն է, ինչի համար թե՛ պետությունը, թե՛ աշխարհասփյուռ հայությունը պետք է այնքան ռեսուրս ծախսեն, որքան անհրաժեշտ է, և արդյունավետորեն անեն այդ գործը»,- ասաց նա:
Արիկ Գևորգյանը ամփոփելով համաժողովի առաջին օրվա արդյունքներն՝ ընդգծեց, որ քննարկումների ընթացքում ամենամեծ մտահոգությունը Արցախի հարցն է:
«Այն իմ, քո, ձեր և մեր մտահոգությունն է, յուրաքանչյուր հայի մտահոգությունն է, Արցախը մեր մի մասնիկն է: Հաջորդ հարցը Հայաստանի հետ ոչ տուրիստական, այլ կենսական կապի ամրապնդումն է: Քննարկվում է այն հարցը, որ Սփյուռքին չնայենք այն աչքով, որ 30 տարի աջակցություն է ցուցաբերել, իսկ մեր հայրենիքին էլ «մուրացկան» չմեծացնենք, այլ այնպես անենք, որ Սփյուռքը Հայաստանի զարգացման հարցում դերակատար լինի և՛ դրամով, և գիտելիքներով, և՛ ռեսուրսներով, ու դրանով էլ իրեն զգա հայրենիքի մի մասնիկը, քանի որ Հայաստանը իմը, քոնը և նրանը չէ՝ այլ մերն է»,- եզրափակեց Գևորգյանը: