Վրաստանի խորհրդարանը մարտի 9-ին և 10-ին աշխատելու Է սահմանափակ ռեժիմով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը մարտի 9-ին և 10-ին աշխատելու Է սահմանափակ ռեժիմով, քանի որ շենքը վնասվել է մարտի 7-ին և 8-ին օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ բողոքի ակցիաների ժամանակ: Նման հայտարարություն է արել խորհրդարանի աշխատակազմը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

Խորհրդարանի տարածք մուտքը սահմանափակվելու է խոսնակի հրամանով, որպեսզի այնտեղ հնարավոր լինի պարզել և փոխհատուցել հասցված վնասը։ Մուտքը կսահմանափակվի բոլոր այցելուների, պատգամավորների և հավատարմագրված լրատվամիջոցների աշխատակիցների համար։

«Ենթակառուցվածքների վնասվելու և շենքում գտնվող մարդկանց առողջության համար հնարավոր վտանգներից խուսափելու կապակցությամբ խորհրդարանի լիագումար նիստերն այս շաբաթ չեն անցկացվելու», - ասվում է հայտարարության մեջ:

Վրաստանի ՆԳՆ-ում հայտնել են, որ վերջին երկու օրվա ընթացքում արմատականորեն տրամադրված մի խումբ ​​քաղաքացիներ փորձել են ներխուժել խորհրդարանի շենք, վնասել են երկաթե ցանկապատերը և պատուհանների ճաղավանդակները, դռները, ինչպես նաև հրկիզիչ խառնուրդով շշեր են նետել շենքի ներս։ Ակցիայի մասնակիցները նաև շրջել են ոստիկանական մեքենա:

Ցուցարարների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Ձերբակալվել են 133 կարգազանցներ: Երկու օր տևած բողոքի ակցիաներից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և խորհրդարանական մեծամասնությունը որոշել Է խորհրդարանից հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել Էր մարտի 7-ին։

Քաղաքական գործիչները խոստացել են լայն արշավ սկսել այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը պարզաբանելու ուղղությամբ, ինչպես նաև վստահեցրել են, որ Վրաստանը կպահպանի խաղաղությունն ու կայունությունը և կշարունակի դեպի Եվրոպա «արժանի ուղին»:

Մարտի 8-ին ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը հակասում է ԵՄ-ին անդամակցելու երկրի նպատակին։ Բորելի խոսքով՝ օրենքի վերջնական ընդունումը «կարող է լուրջ հետևանքներ ունենալ» ԵՄ-Վրաստան հարաբերությունների վրա։

Հայերեն Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ