ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 25-ին, ժամը 20։41-ին ահազանգ է ստացել, որ Ազատան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ռ. Ա., ծնված 1997 թ.) և «Honda Elysion» (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1966 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ. Ա.-ն հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: