Հայաստանի և Չինաստանի միջև արդեն իսկ ձևավորված է արդյունավետ համագործակցային միջավայր. Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Ֆան Յոնին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Սասուն Խաչատրյանը դեսպանին ներկայացրել է Հայաստանի նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնի գործառույթներն ու առաջնահերթությունները՝ նշելով, որ կառույցի կողմից արվում է հնարավոր ամեն ինչ՝ կոռուպցիայի նկատմամբ երկրում զրո հանդուրժողականություն ձևավորելու նպատակով: Միաժամանակ, Սասուն Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ չինացի գործընկերների հետ համագործակցային կապերի հաստատումն ու փորձի փոխանակումը դրականորեն կանդրադառնան երկու երկրների իրավապահ մարմինների աշխատանքների վրա՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Չինաստանում նույնպես գործում է կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացած, համանման գործառույթներ իրականացնող մարմին՝ Ազգային վերահսկիչ հանձնաժողովը:

Անդրադառնալով Չինաստանի ղեկավարության կողմից կոռուպցիայի դեմ տարվող խիստ և հետևողական պայքարին՝ դեսպան Ֆան Յոնը նշել է, որ դա այն գլխավոր գործոնն է, որը նպաստել է երկրի արագ զարգացմանն ու կառավարության նկատմամբ ժողովրդի վստահության ձևավորմանը: Ըստ դեսպանի՝ երկիրը չի կարող զարգանալ, եթե կոռուպցիայի դեմ անհրաժեշտ պայքար չի տարվում:

Դեսպանը նաև ընդգծել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև արդեն իսկ ձևավորված է արդյունավետ համագործակցային միջավայր, ուստի շատ լավ կլինի, եթե կողմերը փորձեն ամրապնդել համագործակցությունը նաև իրավապահ ոլորտում՝ հատկապես հաշվի առնելով, որ երկու երկրների կառավարություններն էլ ունեն կոռուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտ կամք և վճռականություն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությանն ու կարևորությանը: Սասուն Խաչատրյանը, կառույցի գործունեության առաջնահերթությունների շարքում առանձնացնելով օպերատիվ ծառայողների կարողությունների զարգացումն ու հակակոռուպցիոն միջոցառումներում նորագույն մեթոդների կիրառումը, հույս է հայտնել, որ չինացի գործընկերները նույնպես կարող են աջակցել այդ հարցում:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խորացնել նոր ձևավորվող համագործակցային կապերն ու արդյունավետ աշխատանքներ տանել փորձի փոխանակման և մի շարք այլ ծրագրերի իրագործման ուղղությամբ:

Հայերեն

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը