Պաշտոնական

Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետը շնորհավորել է տիկին Քվինին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակվեն զարգանալ ու ընդլայնվել:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ օժանդակությունը մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և հավելել, որ ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:

Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ հայ-ամերիկյան փոխգործակցության օրակարգն արդյունավետ առաջ մղելու համար: Այս համատեքստում, դեսպանը կարևորել է ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը: Միաժամանակ, նա հայտնել է ԱՄՆ վարչակազմի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել ՀՀ-ում բարեփոխումների իրականացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, հայ-թուրքական գործընթացին և այլ հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում