Պաշտոնական

ՀՀ կառավարությունը հետաքրքրված է մշակույթի ոլորտում Իտալիայի փորձով. վարչապետն ընդունել է Իտալիայի մշակույթի նախարարին

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը հետաքրքրված է մշակույթի ոլորտում Իտալիայի փորձով. վարչապետն ընդունել է Իտալիայի մշակույթի նախարարին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Իտալիան քաղաքական, տնտեսական ոլորտներում ունեն ինտենսիվ հարաբերություններ և համոզմունք հայտնել, որ դրանք էլ ավելի կամրապնդվեն մշակութային բնագավառում համագործակցության զարգացմամբ ու ընդլայմամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքով, ՀՀ կառավարությունը հետաքրքրված է մշակույթի ոլորտի կառավարման, մշակութային արժեքների վերականգնման ու պահպանման մասնագետների պատրաստման Իտալիայի փորձով՝ մեր երկրում այդ կարողությունները զարգացնելու նպատակով:

Ըստ աղբյուրի՝ Իտալիայի մշակույթի նախարարը նշել է, որ երկկողմ պատմական կապերը լավ հիմք են նոր ազդակ հաղորդելու մշակույթի ոլորտում համագործակցությանը: Ջենարո Սանջուլիանոյի խոսքով՝ հայ գործընկերների հետ քննարկել են հայկական մշակույթն Իտալիայում առավել ճանաչելի դարձնելու հետագա քայլերն ու ծրագրերը: Միաժամանակ, նա հավելել է, որ պատրաստ են օժանդակել մշակույթի բնագավառի մասնագետների վերապատրաստմանը և ուսանողների համար կազմակերպել կրթական դասընթացներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում