Հասարակական

Կայացել է Հայաստանում դատական և քրեական արդարադատության բարեփոխումներին աջակցած ԵՄ/ԵԽ ծրագրերի փակման համաժողովը

3 րոպեի ընթերցում

Կայացել է Հայաստանում դատական և քրեական արդարադատության բարեփոխումներին աջակցած ԵՄ/ԵԽ ծրագրերի փակման համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը փետրվարի 21-ին մասնակցել է ԵՄ/ԵԽ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» և «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրերի փակման համաժողովին և ղեկավար հանձնաժողովի ընդլայնված նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, ծրագրերի նպատակը Հայաստանում դատական իշխանության անկախության, իրավական ընթացակարգերի արդյունավետության ու արդարադատության մատչելիության ամրապնդումն է, դատական համակարգի և կարգապահական կառուցակարգերի ոլորտների՝ սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացներին իրավական աջակցության տրամադրումը, ինչպես նաև Հայաստանում հաշտարարության և արբիտրաժային վճիռների կատարմանը խթանումը՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին համահունչ:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ սահմանադրական դատարանի փոխնագահ Վահե Գրիգորյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասման, Քրեական դատավարության օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի նախկին ղեկավար Հրայր Ղուկասյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Լորենա Բախմայեր-Վինթերը, այլք:

«Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը կարևորել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությունը` արդարադատության համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային անվտանգության ոլորտների կատարելագործման բնագավառում:

Իր ելույթում Անահիտ Մանասյանը կարևորել է քրեական և քրեադատավարական օրենսդրությունների և դրանց իրացման պրակտիկայի կատարելագործման բնագավառում համատեղ իրականացված բարեփոխումները: Գլխավոր դատախազի տեղակալը ևս մեկ անգամ ընդգծել է այս ոլորտում դատախազների վերապատրաստման նշանակությունը և այդ ոլորտում Եվրոպայի խորհրդի աջակցության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին իրականացված և ընթացիկ ծրագրերի համար և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է ստեղծել այնպիսի միջավայր, որ յուրաքանչյուր քաղաքացի զգա բարեփոխումների դրական ազդեցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում