Հարցազրույց

Հայաստանում Սիրիայի դեսպանությունը հանգանակություն է կազմակերպում. դեսպանի հարցազրույցը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում Սիրիայի դեսպանությունը հանգանակություն է կազմակերպում. դեսպանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Սիրիայի դեսպանությունը հանգանակություն է կազմակերպում՝ ակնկալելով քաղաքացիների աջակցությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը նշեց, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով Սիրիայի բազմաթիվ բնակիչներ այսօր կարիքի մեջ են: Ակնկալվում է դրամական և առաջին անհրաժեշտության ապրանքների օգնություն:

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը փրկարարական ջոկատ, հումանիտար օգնություն ուղարկելու, Սիրիայի ժողովրդին աջակցելու համար: Սիրիայում մեծապես գնահատվում է այդ աջակցությունը: Սա մեծ դրսևորում է առ այն, որ երկու պետություններն ամուր կապեր ունեն, Սիրիայի և Հայաստանի ժողովուրդները դարավոր բարեկամներ են»,-ասաց դեսպանը:

Նորա Արիսյանի խոսքով՝ դժբախտաբար Արևմուտքի պատժամիջոցներով պայմանավորված չեն կարողանում բանկային հաշվեհամար բացել դրամական փոխանցումների համար: Այսօր Սիրիան դժվարին իրավիճակում է հայտնվել աղետալի երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում: «Շտապ օգնության» ծառայության մեքենաներով վիրավորներին փոխադրելու հնարավորությունները խիստ սահմանափակ են: Փրկարարական աշխատանքները ծանր տեխնիկայով կազմակերպելու հնարավորություն ևս չկա՝ կապված բենզինի, այլ տիպի վառելիքի պակասի հետ:

MXO_1102.JPG (643 KB)

«Մենք պաշտոնապես ՀՀ ԱԳՆ-ին փոխանցել ենք առաջնահերթությունները: Կա սննդի, տաք հագուստի, դեղորայքի, ֆինանսական միջոցների կարիք: Այսօր Սիրիայում շատ-շատ բնակիչներ դրսում են մնացել: Ավերածությունների պատճառով մի մասը կորցրել է իր տունը: Որոշ դեպքերում տները, շենքերը վնասվել են և վտանգավոր է վերադառնալը: Հալեպ, Լաթակիա, Համա քաղաքներում ու արվարձաններում բազմաթիվ շինություններ վտանգի տակ են հետ ցնցումների պատճառով: Բնակիչները դրսում են, ժամանակավոր տեղավորվել են եկեղեցիների, մզկիթների սրահներում: Վնասների ծավալները շատ մեծ են: Կան գյուղեր, որոնք ընդհանրապես ավերված են»,-ասաց դեսպանը:

Նորա Արիսյանը մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը, որն առաջին աջակցողներից եղավ: Նա նշեց, որ, ըստ իրենց տեղեկությունների Հայաստանի կառավարությունը ինքնաթիռներ պետք է հատկացնի մարդասիրական օժանդակությունն ուղարկելու համար: Սիրիական «Cham Wings» ընկերությունն էլ պատրաստակամություն է հայտնել անվճար ինքնաթիռներ տրամադրել ապրանքները Սիրիա ուղարկելու համար:

Բոլոր հարցերի դեպքում աջակցել ցանկացողները կարող են դիմել ՀՀ-ում Սիրիայի դեսպանությանը՝ +374 10 52 40 36, [email protected] :

Հեղինակ՝ Աննա Գզիրյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

Լուսանկարիչ Մխիթար Խաչատրյան

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում