Պաշտոնական

Հայաստանի նախագահն ու Պորտուգալիայի դեսպանն անդրադարձել են Լաչինի միջանցքի բնականոն գործունեության անհրաժեշտությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահն ու Պորտուգալիայի դեսպանն անդրադարձել են Լաչինի միջանցքի բնականոն գործունեության անհրաժեշտությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալեն Ֆիշերը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, արգասաբեր աշխատանք և հաջողություններ է մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում:

Մադալենա Ֆիշերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ իր ջանքերը կուղղի հայ-պորտուգալական հարաբերությունների սերտացմանն ու որակական նոր մակարդակի բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն ընդգծել է բարձր տեխնոլոգիաների, կրթության, տուրիզմի և տնտեսական ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ողջ ներուժի իրականացման կարևորությունը: Հանրապետության նախագահը շեշտել է նաև, որ իր հնարավորությունների սահմաններում պատրաստակամ է աջակցել փոխգործակցության զարգացմանն ուղղված դեսպանի նախաձեռնություններին:

Մադալեն Ֆիշերն իր խոսքում համոզմունք է հայտնել, որ մասնավորապես ուսանողական փորձի փոխանակման, թվային տնտեսության և վերականգնվող էներգիայի ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կարևորությանը, Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման հարցերին, ինչպես նաև Լաչինի միջանցքի բնականոն գործունեության վերականգնման անհարժեշտությանը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական և պաշտոնական շփումների ակտիվացման ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` FrançaisTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում