ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ ու խարիզմատիկ երգչուհի Սաթենիկ Սահակյանը կարողանում է գերել պրոֆեսիոնալներին ու երաժշտասերներին իր անկեղծությամբ, արտիստիզմով ու գեղեցիկ վոկալով: Այս արժանիքների ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ Սաթենիկին հաջողվեց հաղթել «Արմենիա» հեռուստաընկերության «Հայ երգիչ» հեռուստանախագծում, որին ի սկզբանե մասնակցելու մտադրություն չի ունեցել:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սաթենիկը հիշում է՝ երգել սկսել է վեց տարեկանից: Խնջույքներից մեկի ժամանակ ցանկացել է երգել ու պարզվել է, որ երաժշտական լավ տվյալներ ունի: Երեխայի շնորհը նկատելուց հետո ծնողները որոշել են նպաստել նրա երաժշտական հմտությունների զարգացմանը՝ Սաթենիկին հնարավորություն տալով սովորելու Գավառի արվեստի դպրոցի վոկալի բաժնում՝ Լիա Տոնոյանի դասարանում:
«Փոքրուց եմ մասնակցել մրցույթների, համերգների և՛ Հայաստանում, և՛ երկրից դուրս: Մրցույթների շնորհիվ գիտելիք ես ձեռք բերում, կողմնորոշվելու կարողություն, տեսախցիկների, բեմում հանդիսատեսի հետ աշխատելու հմտություններ, ծանոթություններ ես հաստատում, նոր ընկերներ գտնում, նոր միջավայր և ամենակարևորը՝ ինքնավստահություն»,-նշում է նա:
«Հայ երգիչ» նախագծին մասնակցել է մոր հորդորով: Ոգևորված չի եղել. երբ հայտնվել է մրցութային միջավայրում, հասկացել է, որ շատ է ուզում առաջ գնալ: Չի մտածել հաղթանակի մասին, մտածել է լավ ելույթ ունենալ ու դրական արձագանքների ստանալ:
Առաջին ելույթի ժամանակ Սաթենիկը կատարել է Սիրուշոյի «Հեռանում եմ» երգը: «Ինձ թվում էր՝ մրցութային երգ չեմ ընտրել ու չգիտեի՝ ինչ է հնարավոր անել, որ ժյուրիի անդամներից մեկն ինձ համակրի ու իր թիմ վերցնի: Որոշեցի ուղղակի անկեղծ լինել, ինչը գնահատվեց: Երբ Նաիրա Գյուրջինյանը սեղմեց կոճակը, ես զարմացա, քանի որ անսպասելի էր: Իմ զարմանքը նկատվում է հենց ելույթի ընթացքում»,-ասում է երգչուհին:
Սաթենիկը մրցույթի ընթացքում կատարել է բազմաժանր ստեղծագործություններ՝ փոփ, ռոք, էստրադա, ժողովրդական և այլն, սակայն իր ելույթներից ամենահիշվողն է համարում Բրյունետի «Բաց կապույտ աչքերդ» երգի կատարումը:
«Երգի հետ համաձայն չէիք: Ուզում էինք անել հնարավորը, որ ավելի մրցութային լինի, քանի որ այդպիսին չէ: Շատ ենք չարչարվել ու արեցինք այն, ինչը ոչ ոք չէր սպասում ու կարողացանք տպավորել և՛ հանդիսատեսին, և՛ ժյուրիի բոլոր անդամներին»,-նշում է Սաթենիկն ու հավելում՝ մրցույթի «Մենամարտ» փուլում ներկայանալու համար ընտրել են Արթուր Գրիգորյանի «Սիրո կամար» ստեղծագործությունը: «Կատարողական առումով շատ բարդ է, սակայն ձայնի լայն դիապազոնը ցույց չի տալիս: Շատ երկար եմ աշխատել ինձ վրա: 12 տարի զբաղվում եմ վոկալով: Տարբեր երգեր էինք վերցնում ու ամեն անգամ, երբ ես կատարում էի այս կամ այն երգը, Նաիրա Գյուրջինյանը զարմանում էր ու ավելի բարդ խնդիր դնում իմ առաջ: Նա միշտ ասում էր, որ պետք է բարձրանալ բեմ ու երգել այնպես, ասես դա վերջին ելույթն է: Դա մեզ շատ էր օգնում: Նրա համար կարևորը մեր հուզականությունը հանդիսատեսին փոխանցելն էր»,-պատմում է երգչուհին, որին հաճախ են ասում՝ արտիստիկ է: Սաթենիկն իր հաղթաթուղթն անկեղծությունն է համարում:
Երգչուհու մայրը, որը մրցույթի ամբողջ ընթացքում քաջալերել է դստերը, Սաթենիկի հաղթանակից հետո շատ երջանիկ է եղել: «Նա կրկնում էր. «Տեսա՞ր, ես քեզ ասում էի, իսկ դու չէիր ցանկանում մասնակցել»: Նրա երջանկությունն ինձ համար շատ կարևոր է: Մայրս իմ ամենամեծ քննադատն է: Գիտեմ՝ եթե ինչ-որ բան այնպես չանեմ, և բոլորն ասեն, որ լավ էր ու անհրաժեշտ չէ մտածել այդ ուղղությամբ և այլն, մայրս կասի՝ որ այս կամ այն հարցում սխալվել եմ: Ամեն ելույթից հետո ես ցանկանում էի նրան ապացուցել, որ կարողանում եմ, որ լավ եմ անում: Երջանկանում եմ, երբ կարողանում եմ նրան գոհացնել»,-խոստովանում է Սաթենիկը:
Սաթենիկ Սահակյանն այժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում: Մրցույթի ընթացքում բացահայտել է, որ տարբեր ժանրերում կարող է երգել, բայց իրեն հոգեհարազատ է համարում փոփն ու ջազը: Սաթենիկի համար երաժշտությունն ինքնաարտահայտման հրաշալի միջոց է:
Երգչուհին չի բացառում, որ կրկին կմասնակցի տարբեր մրցույթների, քանի որ դա իրեն դուր է գալիս: Հնարավոր է՝ կոնսերվատորիան ավարտելուց հետո ուսումը շարունակի արտերկրում: Վստահեցնում է՝ առաջիկայում հանրությանը կներկայացնի և՛ հայտնի երգերի քավր տարբերակներ, և՛ հանդես կգա սեփական երգերով:
Երազում է ելույթ ունենալ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ, շատ կցանկանա աշխատել «Կարեն Սևակ» փրոդաքշնի և այլոց հետ:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի