ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաց-ռուսական սահման տանող մայրուղու վրա Քվեշեթի-Կոբի թունելի շինարարությունն ակտիվորեն շարունակվում է. արդեն 5 կմ փորված է, ասվում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Քվեշեթի-Կոբի հատվածը Կոբի-Գուդաուրի հատվածի շրջանցիկ ճանապարհն է, որտեղ ձմռանը հաճախ ձնահյուսերի վտանգ է առաջանում, ինչի պատճառով ճանապարհը փակվում է։ Վրաստանը Ռուսաստանին կապող Ռազմավիրական մայրուղու վրա թունելի կառուցումը թույլ կտա նաև հայ բեռնափոխադրողներին այլևս օրերով կանգնած չմնալ «Վերին Լարս» անցակետ հասնելու ճանապարհին։
«9 կմ-անոց թունելի հորատման ուղղությամբ 5 կմ խորության վրա տարվում են աշխատանքներ, որոնք իրականացվում են հատուկ Քվեշեթի-Կոբի նախագծի համար պատրաստված թունելահորատանցիչ մեքենայով (TBM): 3 կմ 820 մ-ով փորվել է տարհանման թունելը», - ասվում է հաղորդագրության մեջ։ Ընդհանուր առմամբ, նախագծի շրջանակներում կառուցվում է 23 կիլոմետր երկարությամբ երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհ, և 5 կամուրջ, 1 կամուրջ վերանորոգման փուլում Է։ Բացի այդ, նախատեսվում է 5 թունելների կառուցում, այդ թվում՝ 9 կմ երկարությամբ և 15 մ տրամագծով Վրաստանի ամենամեծ թունելի կառուցումը Խաչի լեռնանցքի տակ: Դա կլինի Եվրոպայի ամենաերկար թունելներից և ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը:
Նոր ճանապարհի շնորհիվ Խադայի կիրճի շուրջ 10 գյուղերի բնակիչները ձմռանը կապ կպահպանեն արտաքին աշխարհի հետ։ Ճանապարհն այլևս չի փակվի, և գյուղի բնակիչներին հասանելի կլինեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները։ Ձմռանը տարանցիկ երթևեկությունն այլևս չի սահմանափակվի, կավելանա բեռնաշրջանառությունը, կկառուցվի դեպի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր և զբոսաշրջային կենտրոն տանող 5 կմ-անոց մերձատար ճանապարհը, ինչը տեղաշարժը կդարձնի հարմարավետ և անվտանգ, և դա կբարձրացնի տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը: Լրատվամիջոցը նշում է, որ նոր ճանապարհին կպահպանվեն երթևեկության անվտանգության բոլոր անհրաժեշտ նորմերը, կկրճատվի ճանապարհին գտնվելու ժամանակը։
Եթե այժմ Քվեշեթիից մինչև Կոբի ճանապարհը տևում է շուրջ մեկ ժամ (ձմռանն ավելի շատ) և ձնահյուսի վտանգի պատճառով երթևեկությունը հաճախ արգելվում է, ապա նախագծի ավարտից հետո ճանապարհին գտնվելու ժամանակը կկազմի ընդամենը 15 րոպե։ Բացի այդ, Թբիլիսի-Գուդաուրի ուղղությամբ ճանապարհը 2-ի փոխարեն կկազմի 1,5 ժամ։ Թբիլիսի-Ստեփանծմինդա ուղղությամբ երթևեկությունը կտևի 1 ժամ 45 րոպե՝ 2,5 ժամի փոխարեն։ Շինարարությունն իրականացվում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչության կողմից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ։ Նախագծի ավարտը պլանավորվում Է մինչև 2024 թվականը։ Նախագծի արժեքը 1,2 միլիարդ լարի է (ավելի քան 445 մլն ԱՄՆ դոլար)։