Մարտունիում անցկացված բռնցքամարտի բաց առաջնությունում հաղթող է ճանաչվել տեղի մարզադպրոցը
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մարզադպրոցում տեղի ունեցավ բռնցքամարտի բաց առաջնություն՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Սարգսյանը, մրցաշարն անցկացվում է ավանդական կարգով` արդեն 11-րդ անգամ։ Մրցաշարին մասնակցել են թիմեր Մարտունուց, Վանաձորից, Իջեւանից, Հրազդանից, Եղեգնաձորից, Վարդենիսից, Էջմիածնից, Քաջարանից, Տաշիրից, Սեւանից, Գավառից, Ճամբարակից, Արտանիշից, Նորատուսից, Լճաշենից, Երեւանից, Լիճքից եւ այլ բնակավայրերից:
Ռինգում իրենց ուժերն են չափել շուրջ 240 բռնցքամարտիկներ։ Թիմային հաշվարկով՝ մրցաշարի հաղթող է ճանաչվել Մարտունու մարզադպրոցը, 2-րդ տեղը զբաղեցրել է Վանաձոր համայնքի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Գավառի մարզադպրոցի թիմը:
Հաղթողները պարգեւատրվել են մեդալներով եւ պատվոգրերով։
Խոսրով Խլղաթյան