ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 19-ին, ժամը 15։18-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Տավրոսի 20-րդ փողոցի տներից մեկին հարակից տնակում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի 20-րդ փողոցում գտնվող ինքնաշեն տնակում (մոտ 32 քմ)։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին, մարվել՝ 15։55-ին։ Այրվել են տնակի մոտ 16 քմ հատվածը, տանիքը և կենցաղային իրեր։