ՀՀ և Էստոնիայի նախագահները վերահաստատել են միջպետական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն Էստոնիայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը նշել է.

«Մեծարգո՛ պարոն նախագահ,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ այսօր հյուրընկալվել Էստոնիայի Հանրապետությունում:

Խորին շնորհակալություն եմ հայտնում նախագահ Կարիսին՝ հրավերի և ջերմ հյուրընկալության համար: Երախտապարտ եմ նաև անկեղծ ու բարեկամական մթնոլորտում մտքերի փոխանակման, կարևոր հարցերի շուրջ քննարկումների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում մեր համագործակցության հետագա խորացման շուրջ փոխըմբռնման համար:

Անցյալ տարին առանձնահատուկ էր հայ-էստոնական հարաբերությունների համար. լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը:Իմ անձնական հիշողություններում 30 տարի առաջ տեղի ունեցածը մեծ տպավորություն է թողել, և, ինչպես նշեցի մեր հանդիպման ժամանակ, մերձբալթյան երկրները, այդ թվում նաև Էստոնիան և Հայաստանը եղել են առաջամարտիկները Խորհրդային Միության տարիներին իրենց անկախության ձեռքբերման ճանապարհին: Այն ժամանակ ևս ոչ ֆորմալ հարաբերություններ կային և դրանից հետո, երբ անկախացանք, մեր այդ հարաբերությունները ֆորմալ բնույթ կրեցին և ունեցան իրենց տրամաբանական զարգացումը:

Մեր երկրների միջև բարձրաստիճան այցերը վկայում են դարերի խորքից եկող ամուր կապերի և նույնական արժեհամակարգի վրա խարսխված մեր հարաբերությունների շարունակականության, ինչպես նաև երկկողմ համագործակցությունն առավել ընդլայնելու վճռականության մասին։

Հայաստանը միշտ կարևորություն է տալիս Էստոնիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները:

Այսօր ես և նախագահ Կարիսն ունեցանք բավական հագեցած քննարկումներ: Մենք փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք հայ-էստոնական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարներն, ինչպես նաև երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող օրակարգային հարցերի լայն շրջանակ:

Վերահաստատեցինք միջպետական հարաբերությունները խորացնելու մեր երկուստեք պատրաստակամությունը:

Քննարկեցինք նաև տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը:

Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերին:

Բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում, ինչպես նաև Էստոնիայի աջակցությունն այդ հարաբերությունների զարգացմանը, որի համար մենք շնորհակալ ենք:

Ավարտելով խոսքս, հարգարժա՛ն պարոն նախագահ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար և վերահաստատում իմ պատրաստակամությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, շարունակել ջանքերը Հայաստանի և Էստոնիայի միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Վստահ եմ, որ քննարկված հարցերն իրենց արդյունքները կունենան՝ նոր որակ և բովանդակություն հաղորդելով հայ-էստոնական հարաբերություններին»:

Հայերեն English Français Русский

«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան

ՌԴ-ի վրա արձակվել է 571 ԱԹՍ, կրկին թիրախավորվել են Wildberries-ի պահեստները

Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը

ՀՀ պետբյուջերի եկամուտները 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել են 1,643 մլրդ դրամ

ՆԳՆ-ն հատուկ միջոցառումներ է իրականացրել. հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ

Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին

ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. հունիս, 2026