ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 15-ին, ժամը 10։37-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոմեքենան շրջվել է․ կան արգելափակված քաղաքացիներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է։
Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած ուղևոր հոսպիտալացվել են։
Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» անրապետական բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ։